Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները կենսաթոշակ կստանա՞ն

Հունվար 24,2014 14:12

«Նախագահն իրավունք չունի դատավորների սոցիալական վիճակը վատթարացնելու,
մեր անկախության երաշխիքը վերացնելու»,-ասում են դատավորները:

Երեք օր առաջ Սեւանի վարչական դատարանի դատավորին կենսաթոշակի ուղարկեցին: Թոշակ են նշանակել 47 հազար դրամ:

Կենսաթոշակների հետ կապված կռիվը հասավ նաեւ դատավորներին՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների:

ՀՀ նախագահն իր հանձնարարականում գրել էր՝ ՍԴ անդամների կենսաթոշակները բարձրացնել «անհրաժեշտությունից ելնելով»:

Իմ զրուցակից դատավորները չգիտեն, թե որն է «անհրաժեշտությունը»:
Այս «անհրաժեշտությունը», ողջամիտ դիտորդի գնահատմամբ, պայմանավորված է նրանով, որ առաջիկայում ՍԴ-ն կսկսի կուտակային կենսաթոշակների հարցի քննարկումները, բնականաբար, նրանց «սիրտը» պիտի շահել:

Հայաստանի տարբեր ատյանի դատավորների հետ մեր զրույցները հաստատեցին այն տեղեկությունները, ըստ որի՝ դատավորներն առաջիկայում հրավիրելու են արտահերթ ընդհանուր ժողով, իրենց կենսաթոշակների, սոցիալական պաշտպանության հարցերի հետ կապված խնդրով:

«Արտակարգ իրավիճակը» սկսվել է նրանից, որ դատավորները տեղեկացել են ՀՀ նախագահի անցյալ տարվա դեկտեմբերի 28-ի ՀՆ-2277 գրության մասին, որն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:

ՀՀ նախագահը հղում անելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոփոխություններ կատարելու մասին օրենքներին, հանձնարարել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի՝ օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքների, օրենքով սահմանված հիմքերով լիազորությունները դադարեցվելու դեպքում նրան նշանակվող կենսաթոշակի չափի պահպանման անհրաժեշտության մասին, առաջարկելով ընդունել հետեւյալը:

Կենսաթոշակի չափը հաշվարկել ՍԴ անդամի մինչ այս տարվա հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի, հավելավճարի, եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Դատավորներն ասում են, որ խտրականություն է դրվել իրենց եւ Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ, նաեւ ուժային կառույցների՝ ոստիկանության, պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության միջեւ, բացի այդ, իրենց կարծիքն անտեսվել է: Բացի այն, որ դատավորները տեղյակ չեն եղել, իրենց հետ կապված հարց օրակարգում չի էլ քննարկվել: Նրանք մտադիր են հրավիրել ընդհանուր արտահերթ ժողով:

«Ինչ ասես՝ մեր գլխին չբերեցին: Մնացել էր ճաշի վրայի կանաչին, որը լցնեին մեր վրա ու թողնեին»,- ավելի պատկերավոր ասում է զրուցակիցներիցս մեկը:
Ի դեպ, դատավորների անունները նրանց իսկ խնդրանքով ձեռնպահ եմ մնում հրապարակելուց:

Դատավորներից մի քանիսն անգամ պատրաստ են ամենածայրահեղ միջոցներին, ընդհուպ մինչեւ…դատադուլ անելը, «ղաչաղ» դառնալը:

Դատավորներն, ինչու ոչ, դատավոր դառնալուց առաջ, իմացել են, որ բարձր թոշակ են ստանալու:

«Հիմա ես եկել եմ՝ ակնկալիքով, որ վաղը չէ մյուս օրը բարձր թոշակի եմ գնալու: Նախագահն իրավունք չուներ դատավորների իրավական, սոցիալական վիճակը վատթարացնելու»,- ասում է զրուցակիցս:

«Աշխատավարձ ես փոխում, թոշակ ես փոխում, ու գալիս ես, ասում՝ ուզում ես աշխատի, ուզում ես մի աշխատի՞: Դու ես որոշում: Երբ ես դատավոր եմ նշանակվել՝ իմացել եմ, որ այդքան եմ ստանալու: Հիմա ասում ես՝ չես ստանա»,- հավելում է մեկ այլ դատավոր:
«Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ «վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»,- ասում էր մեկ այլ զրուցակից դատավոր:

Ի դեպ, այդ նույնն ամրագրված է ՀՀ սահմանադրությունում. «Մեզ հիմա ասում են, կապ չունի, քանի որ դու դատավոր ես, ես կարող եմ քեզ հետ նաեւ այսպես վարվել: Իշխանության այս մի թեւի գործառույթները կարգավորվում են դատական օրենսգրքով: Կառավարությունը՝ երկրորդ իշխանությունն որոշում է, որ ինքը պետք է ազդեցություն ունենա երրորդ իշխանության վրա, կառավարությունը որոշում է, որ այլեւս ի վիճակի չէ քեզ ավելի աշխատավարձ տա: Մենք սա կընդունեինք, եթե այս նույն օրենքով չբարձրանա իրավական մյուս համակարգերի՝ ուժային կառույցների, դատախազության, քննիչների աշխատավարձերը»:

Զրուցակիցներս ասում էին, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հոդված 2-ի համաձայն, կենսաթոշակի իրավունք ունեն դատախազը, հատուկ քննչական ծառայության, ՄԻՊ պաշտոնը զբաղեցրած, ՍԴ անդամները, որոշակի ժամկետներ զբաղեցնելուց հետո. «90 տոկոսով բարձրացվում է թվարկյալ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: Քաղծառայողներինն անգամ բարձրացվել է, սահմանելով, թե գործատուն իրավունք չունի այսքանից պակաս աշխատավարձ վճարել իր աշխատողին, անցնելով մասնավորի դաշտ:

Հակառակ դեպքում՝ գործ կունենա հարկային մարմինների հետ:

Դու բոլորի աշխատավարձերը բարձրացնում ես, միայն դատավորներինը չես բարձրացնում»: Նաեւ հավելում.
«Նախագահ, դու ինձ աշխատանքի ես ընդունել հրամանագրով, ասելով՝ այսքան եմ վճարում աշխատավարձ, կենսաթոշակի գնալուց էլ պարտավորվել ես վճարել աշխատավարձի 75 տոկոսը: 75 տոկոսն իջեցրել ես 55 տոկոս՝ 2012թ. հունվարի 1-ից, առանց որեւէ մեկիս կարծիքը հաշվի առնելու: Այն ժամանակ պատճառաբանելով, թե սոցիալական վիճակն է»:
Մեր հարցին, թե ինչպես պետք է կարծիքը հայտնվեր, պատասխանում են, որ պետք է օրենքի նախագիծը ներկայացվեր շահագրգիռ կազմակերպություններին, ՍԴ նախագահին:
Ըստ դատավորների, ՍԴ նախագահն էլ չի իմացել, քանի որ օրենքն ընդունվել է արտակարգ ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում: Դատավորները հղում արեցին նաեւ միջազգային նորմերին, ասելով, որ հակասում են այս «որոշմանը». դատավորները չեն ուզում անգամ «օրենք» բառը օգտագործել:

«Դատավորի անկախության ամենակարեւոր երաշխիքը վերացվել է:
Գոշի «Դատաստանագրքում» կար մի այսպիսի միտք. «եւ հարկ է, որ դատավորը թագավորներից մշտապես ստանա պարգեւներ», որ չլինի, թե, հանկարծ, ընտանիքը պահելու համար նա գայթակղություններ ունենա:

Դու ինձ ստիպում ես, նախագահ, որ գնամ թոշակի, ու 100 000-ի չափ թոշակ չես տալիս: Ես կստանամ, իհարկե, դրանից բարձր թոշակ, որովհետեւ 35 տարուց ավելի ստաժ ունեմ, իսկ մարդը, որն աշխատում է 10 տարի ու թոշակի է անցնում, նա կստանա ընդամենը 150 000 դրամ թոշակ»,- լսվում է մեկ այլ կարծիք էլ:

Դատավորները պատրաստ են նախազգուշական դատադուլ անել:

Ի դեպ, կա տխուր վիճակագրություն էլ. տարեկան թոշակի է գնում 3-5 դատավոր, 3-ն էլ…մահանում են: Կամ՝ 4 դատավոր մեռնում է, 2-ը գնում է թոշակի:

Թոշակառուներն էլ մաքսիմում հասցնում են թոշակ ստանալ ոչ ավելի, քան 4-5 տարի:
ՍԴ անդամ, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հենրիկ Դանիելյանը մի ամիս էլ չստացավ իր թոշակը…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031