Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային տարատեսակ զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը:
Ադրբեջանական գնդակոծությունից Այգեպարում վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նա վիրահատվել է: Այգեպարի գյուղապետարանից հայտնեցին, որ գնդակը դիպել է աղջկա ոտքի փափուկ հյուսվածքներին, նրա առողջական վիճակը ներկայումս բարվոք է:
Այգեպարում գնդակոծությունից վառվել է գյուղի բնակիչ Յուրիկ Սահակյանի 2,5 տոննա խոտի դեզը:
Ընդ որում` ադրբեջանական զինուժը 2 անգամ է կրակ բացել դեզի վրա: Առաջին անգամ հրշեջները իրենց կյանքը վտանգելով` ադրբեջանական գնդակոծության տակ հանգցրել են կրակը, սակայն որոշ ժամանակ անց ազերիները հրաձգային կրակով կրկին հրդեհել են այն:
Կարդացեք նաև
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունը շարունակվել է ժամը 22-ից մինչեւ գիշերվա ժամը 4-ը: Տների տանիքները որոշ վնասներ են կրել: Գյուղապետն ասաց, որ մովսեսցիները կրակոցներից չեն ընկճվել:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի վկայությամբ՝ ողջ գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի ուղղությամբ, գնդակները դիպել են տների պատերին եւ տանիքներին:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հայտնեց, որ հայ սահմանապահներն ուժգին հակահարված են տվել` լռեցնելով ադրբեջանական կրակակետերը: «Մերոնք թուրքերի պորտը տեղը դրեցին, փշրեցին նրանց կրակակետերը »,-ասաց Ս. Սաղոյանը:
Հունվարի 23-ին, ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի վրա: Այդ պատճառով որոշ ժամանակ ավտոմեքենաները միջպետական ճանապարհի այդ հատվածը հաղթահարել են սահմանը շրջանցող, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փառք ու պատիվ սահմանապահ գյուղերում մնացած ու սահմանը պահող հերոս ժողովրդին: