Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերժված ատենախոսություն չենք ունեցել»

Հունվար 24,2014 13:59

ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի դիտարկումները

Քանի որ «Առավոտին» տված հարցազրույցում ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը հայտնել էր, թե տնտեսագիտության ոլորտի ատենախոսություններն ամենաշատն են ԲՈՀ-ի կողմից վերադարձվում եւ անորակ ատենախոսությունների մեղավորը ինչ-որ տեղ խորհուրդներն են, որոշեցինք մեկնաբանություններ ստանալ ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդից: Համեմատության համար նշենք, որ տնտեսագիտության ոլորտում աստիճաններ շնորհող ԵՊՀ 015 խորհրդում 2012թ. պաշտպանվել է մեկ դոկտորական, 28 թեկնածուական ատենախոսություն, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհրդում՝ նույն ժամանակամիջոցում՝ 3 դոկտորական եւ 45 թեկնածուական ատենախոսություն:

«Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ, ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի փոխնախագահ Հայկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ գիտական աստիճանաշնորհման ոլորտում երբեմն իրականացվում է ապակառուցողական գործունեություն, ինչը ստվերում է գիտական աստիճանաշնորհման ողջ գործընթացը: «Խոսքը շատ խնդիրների կանոնակարգման մասին է, մասնավորաբար, այսպես կոչված, «սեւ օպոնենտների» ինստիտուտի գործադրման: Ոչ վաղ ժամանակահատվածում, երբ ԽՍՀՄ-ում ԲՈՀ-ում մերժում էին որեւէ դիսերտացիա, այնտեղ նույն ատենախոսին պաշտպանվելու հնարավորություն կար: Այսօր շատ դեպքերում ինքներս առնչվելով այդ խնդրին, տեսնում ենք, որ աշխատանքները ավելի շատ վերադարձվում են տեխնիկական բնույթի դիտողությունների պատճառով ու ի վերջո հաստատվում են ԲՈՀ-ում»,- ասաց պարոն Սարգսյանը: Ապա փաստեց, որ իրենց խորհուրդը տասնամյակներ շարունակ մերժված աշխատանք չի ունեցել: Խորհրդի նախագահի տեղակալի ձեւակերպմամբ, ԲՈՀ-ի կանոնակարգերը պետք է ներառեն բոլոր այս խնդիրները՝ ամբողջ շղթայի երկայնքով, ատեստավորման գործընթացի, որակավորման քննությունների հանձնումից սկսած՝ մինչեւ բուն պաշտպանության պրոցես:

«Ընդհանրապես այս ոլորտում շատ հարցեր քննարկվում են դիլետանտական մակարդակով, շոուների վերածվում, հայտնվում հեռուստաէկրանին, մինչդեռ դրանք պետք է լուրջ քննարկվեին տնտեսագիտական համայնքի ներկայացուցիչների շրջանում: Վերջերս ԲՈՀ-ում այդպիսի մի շահեկան քննարկում եղել է՝ մասնագիտությունների դասիչների հետ կապված»,- հայտնեց պրոֆեսորը: Որակավորված տնտեսագետ մասնագետների պահանջարկի հետ կապված էլ նշեց, որակավորված իրավաբանների ու բժիշկների թիվն էլ է մեծ, տնտեսագետները բացառություն չեն: «Պետք է խնամքով վերաբերվել գիտական աստիճան ունեցող անձանց, եթե, իհարկե, դա վաստակված է: Անգամ Ստալինը պատերազմ չէր ուղարկում գիտությունների թեկնածուներին»,- ասում է Հայկ Սարգսյանը: ԲՈՀ-ի գործառույթները Բոլոնյան գործընթացների համատեքստում դիտարկելով, տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը նշում է, որ մասնագիտական խորհուրդներին պետք է լուրջ իրավասություններ վերապահվեն՝ կանոնակարգելով զսպող մեխանիզմներով:

Ինչ վերաբերվում է ատենախոսությունների պաշտպանության հրապարակայնությանը, մեր զրուցակիցը նշում է. «Անթույլատրելի եմ համարում հրապարակայնության սահմանափակումը պաշտպանության գործընթացներում: Մենք էլ ենք ունեցել պետական պաշտոնյայի ատենախոսության պաշտպանություն (նկատի ունի Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին), բայց դա կազմակերպվել է 200 եւ ավելի տեղանոց դահլիճում: Չի կարելի նման բաները թաքցնել հանրությունից: Գուցե քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանությունն էլ է լավը եղել, ինչո՞ւ այնտեղ չլինեին թղթակիցներ՝ այդ ամենը արձանագրելու համար: Նշեմ, որ հայցորդին հարցեր տալու իրավունք ունեն դահլիճում բոլոր ներկաները, այդ թվում՝ լրագրողները: Եթե աշխատանքը ներկայացնելուց հետո գիտխորհրդի անդամների հարցերը սպառվում են, խորհրդի նախագահը դիմում է դահլիճին՝ որեւէ մեկը հարց ունի՞: Ախր ամեն ինչ գեղեցիկ կանոնակարգված է, ինչո՞ւ այդ ամենը փչացնել կենսագործման ընթացքում, մանավանդ դա գիտության ոլորտին սազական չէ»: ԲՈՀ-ի մասին էլ ԵՊՀ 015 խորհրդի փոխնախագահն ասաց. «ԲՈՀ-ը խորհուրդների գործունեության կանոնակարգման, վերահսկման գործառույթն է իրականացնում եւ չպետք է մոռանա, որ ի՛նքն է ձեւավորում խորհուրդները: Ի վերջո, զսպող, վերահսկող մեխանիզմները կարող են իրականացվել նաեւ կադրային բանկի, շտեմարանի ճիշտ տեղաբաշխման միջոցով: Օրինակ, մեր խորհրդում ընդգրկված են մարդիկ՝ ՀՀ ամենատարբեր գերատեսչություններից, ՀՊՏՀ ռեկտորը, այդ բուհի Գյումրիի մասնաճյուղի ռեկտորը եւ երկու գիտությունների դոկտորներ՝ ՀՊՏՀ-ից: Ինչ-որ իմաստով այս խորհուրդը հավաքական է, նորացված կազմով, երկու տասնյակից ավելի մասնագետներից բաղկացած: Կարծում եմ՝ ի վիճակի է ատեստավորման պահանջները համարժեք բավարարել»:

Grigor_Garibyan

ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանը տնտեսագիտության ոլորտում մեծ թվով ատենախոսություններ պաշտպանելը համարում է ժամանակի պահանջ ու բնորոշ նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին. «Երբ ԽՍՀՄ-ը տնտեսական վարչահրամայական համակարգից անցում կատարեց դեպի շուկայական տնտեսական համակարգ, արմատապես փոխվեց տնտեսագիտության դերն ու բովանդակությունը, որը ընկած է շուկայական համակարգի հետազոտման եւ կառավարման հիմքում: Տնտեսագիտության եւ ընդհանրապես գիտության նկատմամբ պահանջարկը մեծացավ, դրանով պայմանավորված էլ աճել են տնտեսագիտության գծով ուսումնասիրությունները, ինչն էլ հանգեցրել է մեծ թվով ատենախոսությունների պաշտպանության»: Պարոն Ղարիբյանը չի կարծում, թե ամենաանորակը տնտեսագիտության ոլորտի ատենախոսություններն են, ասում է՝ նման ոչ մի ուսումնասիրություն չի արվել՝ նման գնահատական տալու համար. «Առանձին դեպքերում էլ խոսում են, թե մանկավարժության եւ բժշկագիտության մեջ են անորակ ատենախոսությունները, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա առանց լրջորեն հետազոտելու, նման բան հայտարարել: Ճիշտ է, որ բոլոր գիտությունների գծով պաշտպանությունները շատացել են, եւ կան ո՛չ հավասար մակարդակի ատենախոսություններ: Կոնկրետ անդրադառնալով մեր խորհրդում պաշտպանություններին, կարող եմ փաստերով ասել, որ դեռեւս մերժված ատենախոսություն չունենք, ԲՈՀ-ը մի քանի ատենախոսություն կրկնակի քննարկման է ուղարկել: Դրանք պրոցեսի մեջ են»: ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի նախագահը կարծում է, որ ամեն մեկի սահմանադրական իրավունքն է գիտական ատենախոսություն պաշտպանելը, անկախ նրանից՝ պետական պաշտոնյա՞ է, թե՞ սովորական հայցորդ. «Կարծում եմ, որ եթե պաշտոնատար անձը ատենախոսություն է պաշտպանում, ե՛ւ այդ անձն է շահում, ե՛ւ գործը: Այլ հարց է, որ խորհուրդները պետք է լրջորեն հետեւեն, որպեսզի պաշտպանությունը համապատասխանի սահմանված չափանիշներին եւ լինի հրապարակային: Ի դեպ, ես մասնակցել եմ նաեւ քաղաքապետի պաշտպանությանը: Կարծում եմ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, նա խորացել էր քաղաքի հիմնախնդիրների մեջ, նորմալ էր ամեն ինչ»:

ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի քարտուղար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Առաքելյանը խոսելով ատենախոսություններում հնարավոր արտագրությունների մասին, ասաց. «Գոյություն ունի անտիպլագիատ ծրագիր: Թող բոլոր խորհուրդները ունենան այդ ծրագիրը եւ նախքան աշխատանքը ընդունելը, այն անցկացնեն այդ ծրագրով»: Նաեւ հավելեց, որ իրենց խորհրդում բավականին խիստ ընտրություն է կատարվում. «Օրինակ, անցյալ տարի յոթ աշխատանք ենք վերադարձրել՝ նույնիսկ առանց պաշտպանության ընդունելու»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031