Հունվարի 25-26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը:
Շուրջ 30 տարի զրկված էինք առաջին հայկական օպերետը՝ «Կարինեն» դիտելու հաճույքից: Սա այն դեպքում, երբ թուրքերը մինչ օրս իրենցն են համարում Չուխաջյանին, ասելով, թե 19-րդ դարի կեսերին հենց նա Կոստանդնուպոլսում ստեղծեց «Կարինե» առաջին օպերետը, հետեւաբար Չուխաջյանը թուրքական օպերետի հիմնադիրն է: Նրանք մոռանում են, որ հայ կոմպոզիտորի օպերետը իր թարմ ու վառ գույներով, հայ ժողովրդական մեղեդու հիանալի օգտագործմամբ, սրամիտ մեներգերով ու հումորով մինչ օրս մնում է չգերազանցված դասական օպերետի հիանալի նմուշ: Այս տարիներին մեր մշակութային կյանքից «սպրդած» «Կարինեն» 2000-ականների վերջերին շռնդալից հաջողություն ունեցավ Փարիզի «Բուֆ դյու նոր» թատրոնում, որտեղ ներկայացված էր օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգային տարբերակը: Փարիզյան մամուլն էլ գրեց. «Բեմադրության մեջ մինիմալիզմը հանգավորված է արեւելյան ոճի հետ, տպավորիչ բեմադրությունը զուգորդվում է գործիքավորման եւ արեւելյան պարերի յուրօրինակության, կատարողների եռանդի, պոեզիայի եւ հմայքի հետ: Այս ամենը ֆրանսիացի հայտնի կատակերգուներ Օլիվյե Պոդեստանի, Նռել Ժինեֆինի եւ Իրինա Բրուկի թատերախմբի դերասանների շնորհիվ»: Օպերետի կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Իրինա Բրուկի թատերախմբի գլխավոր դերակատարներից մեկը՝ Ժիրայր Բաբազյանը, որը այդ նախագծի համապրոդյուսերն էր Ալեքսանդր Մարտենի հետ:
«Առավոտը» զրուցեց դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի հետ, ով Ազգային օպերային թատրոնում ռեժիսոր Տիգրան Լեւոնյանի հետ 1970-ականների սկզբներին իրականացրել է «Կարինեն»: Ընդ որում, գլխավոր դերերգերով հանդես են եկել մեծանուն Գոհար Գասպարյանը, Միհրան Երկաթը, Դավիթ Պողոսյանը: Դիրիժորը նաեւ այս ներկայացման երաժշտական ղեկավարն է:
«Չուխաջյանը լինելով Արեւմտյան Հայաստանի իսկապես թիվ 1 կոմպոզիտոր, 19-րդ դարի վերջերին ստեղծելով «Կարինեն», ինչպես վիեննական դասականների մոտ է ընդունված, այնքան տարողունակ երաժշտական նյութ է գրել, որ օպերետը կարող է դիտվել որպես օպերա»,- նշեց Յուրի Դավթյանը: Նա տեղեկացրեց, թե առաջին անգամ «Կարինեն» Երեւանում բեմադրել է անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանը՝ 1940-ականներին, Կոմեդիայի թատրոնում: Ավելի ուշ՝ 1950-60-ականներին Աճեմյանը նույն բեմադրություններն իրականացրել է նաեւ օպերային թատրոնում: Խոսելով կայանալիք «Կարինեի» պրեմիերայի մասին, որի բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է, պարոն Դավթյանը նախ հիշեցրեց Ստանիսլավսկու խոսքերը՝ «եթե այսօր լավ խաղացիր ու վաղը նույնությամբ կրկնեցիր, ուրեմն հետ ես մնացել», ասածը մանրամասնելով էլ հայտնեց, թե ընդհանրապես արվեստում, մասնավորապես՝ «Կարինեի» դեպքում, երբ հայտնի է նաեւ այս օպերետի կինոտարբերակը (ռեժիսոր՝ Երվանդ Մանարյան), պետք չէ զուգահեռներ կամ համեմատականներ անցկացնել: Հավելեց նաեւ, թե «նույնանուն գործը տարբեր բեմադրիչներ նույն կերպ զգալ ու ներկայացնել չեն կարող: Այս «Կարինեն» էլ ղազանչյանական տարբերակ է, իհարկե, համոզված եմ, որ մասնագետներն ու հանդիսատեսը տպավորված կհեռանան պրեմիերայից, սակայն ուզում եմ հատկապես շեշտել, որ ներկայացման մեջ ընդգրկված են նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը, մեներգիչները եւ, որ ողջունելի է, գլխավոր դերերում երիտասարդ դերասաններ են՝ Լալա Պուլուզյան, Վահագն Մարգարյան, Արսեն Գեւորգյան, Ավիկ Խալաթյան: Ներկայացման գործիքավորման հեղինակն է պայծառահիշատակ Ղազարոս Սարյանը»:
Յուրի Դավթյանը դիմելով մշակույթի պատասխանատուներին, խնդրեց ուշադրություն դարձնել, որպեսզի մեր մեծերի ստեղծագործություններն անպակաս լինեն բեմերից ու համերգասրահներից:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ