Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հողմով բերված մի հատիկ էր, որից վեր խոյացավ արդի հայ երաժշտության կենաց ծառը…»

Հունվար 24,2014 13:42

Բնականության հանճար, հրավառ վարպետ… Ժամանակն իրենն էր, ինքը՝ ժամանակինը։ Համաշխարհային ստեղծագործական խմորումների ներսում էր, ժամանակակից ուղղություններից ներառած, սակայն եւ ոչ մի միջոց չնսեմացրեցին նրանում հայերենի հուժկու բնազդը, որը ծնվել էր իրենից շատ առաջ եւ այդպիսին պիտի փոխանցվեր հետնորդներին պրոֆեսիոնալ գյուտերի հետ մեկտեղ։

Դաշնամուրն էր Առնո Բաբաջանյանի կյանքի դոմինանտը։ Դաշնամուրի միջոցով, թե՛ դաշնամուրի շուրջ, այսպես թե այնպես, հյուսվել էր իր կյանքի գեղեցիկ պատմությունը։
Եվ, սակայն, ուրիշ ի՜նչ գործիք պիտի խոսեր նրա լայնահունչ հոգու հետ, ուրիշ ի՜նչ գործիք պիտի պատասխաներ մտքի նման մասշտաբայնությանը, խառնվածքի ամբողջականությանը: Եվ ֆակտուրային ու գունային իր ճոխությամբ ուրիշ ի՜նչ գործիք կարող էր նման թռիչք տալ երեւակայությանը։

Արքայական դաշնակահար էր, առասպելական։ Համակ ապրում էր դաշնամուրի առջեւ։ Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ` ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին։ Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը, կարծես, «խաղալիք» լիներ հսկայի ձեռքերում։ Ոգեշունչ արտիստ` խորաթափանց, հուզառատ, ինչպես էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարյալ էր չափ ու ձեւի մեջ, ու թեթեւ … երանելի այն թեթեւությամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարյալի։

Ճակատագրի բարեհաճ կամքով հայ մշակույթի մեծերից երկուսն օրհնեցին արվեստում նրա անցնելիք ճանապարհը։ Մեկը՝ Արամ Խաչատրյանը, որն ընտրեց նրան համադասարանցիների միջից իբրեւ առավել շնորհալի եւ հորդորեց զբաղվել երաժշտությամբ: Մյուսը՝ Եղիշե Չարենցը, որը Հայպետհրատում գեղարվեստական գրականության բաժնի վարիչ լինելու տարիներին տպագրության հանձնեց պատանու առաջին լուրջ գործն ու վերնագրեց՝ «Պիոներական քայլերգ»:

14-ամյա Առնոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի դաշնամուրային առաջին Կոնցերտի կատարմանը ներկա Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաթան Պերելմանը նշում է իր նոթատետրում. «Պետք է հիշել այս պատանու անունը, նրան դաշնակահարի փայլուն ապագա է սպասում»։ Եվ ընդամենը մի քանի տարի անց Մոսկվայի կոնսերվատորիայում Բաբաջանյանի ուսուցիչ Կոնստանդին Իգումնովը նրան համեմատում է XX դարի խոշորագույն կոմպոզիտոր, դաշնակահար Սերգեյ Ռախմանինովի հետ: Ի դեպ՝ Բաբաջանյան-դաշնակահարի մասին հիացումով են խոսել Ս. Ռիխտերը, Է. Գիլելսը…
Ժամանակակիցների հիշողության մեջ այսօր էլ կենդանի են Բեթհովենի «Ապասիոնատ»-ի, Բալակիրեւի` «Իսլամեյ»-ի, Ռախմանինովի ստեղծագործությունների, հատկապես դաշնամուրային 2-րդ Կոնցերտի, պրելյուդների բաբաջանյանական բացառիկ կատարումները։

Բաբաջանյան դաշնակահարն, անշուշտ, երեւույթ էր, եւ՛ երեւույթ՝ համաշխարհային կատարողական արվեստում տեղ գտած ամենաբարձր չափանիշներով։ Նման արտիստի ի հայտ գալը հայ կատարողական երկնակամարում ինքնին հեղաշրջում էր ժամանակի դաշնակահարական մտածողության, աշխարհայեցողության մեջ եւ շրջադարձային եղավ հայ դաշնակահարական դպրոցի ձեւավորման ու զարգացման ճանապարհին։
Ա. Բաբաջանյան կոմպոզիտորի մասին էլ կարելի է թերեւս ասել նույնը, ինչն ասում էին Մորիս Ռավելի մասին. «Գրել է քիչ, բայց միայն գլուխգործոցներ»։

Բաբաջանյանը մեծ էր ինչպես մեծակտավ, այդպես էլ փոքր ծավալի գործերում՝ հանդուգն «Կապրիչչո»-ում ու «Էքսպրոմտ»-ում, կայծկլտուն «Վաղարշապատի պար»-ում, «Պոեմ»-ում, թախծոտ «Էլեգիա»-ում նաեւ, որը գրեց Ա. Խաչատրյանի մահվան բոթն ստանալու տպավորության տակ։ Աչքի առաջ եկավ պահը, երբ Վարպետը հուզված լսում էր «Քանի վուր ջան իմ»-ն, արցունքի կաթիլն էլ դանդաղորեն սահում էր այտի վրայով …Սայաթ-Նովայի սքանչելի մեղեդին «Էլեգիա»-ում վերստին կենդանացավ՝ անցյալն ու ներկան կամրջած։

1940-ականների վերջերին սկիզբ առավ կոմպոզիտորին միջազգային ճանաչում բերած գործերի հիրավի «ոսկետարափ» անձրեւը: «Պոլիֆոնիկ սոնատ» (Պրելյուդ, Ֆուգա, Տոկկատ)՝ ժանրային հնարավորությունների արտահայտման առումով, փայլուն մի գործ, բացառիկ համարձակ ու հնարամիտ։ Կոմպոզիտորի գրիչը թռչում է այնպիսի թեթեւությամբ, որ կասկածի տակ ես առնում պոլիֆոնիկ բազմաձայն կառուցվածքի պատկառելիությունը։ Դաշնամուրային շքեղ Տրիոն՝ այդ ժանրի առավել սիրված գործերից, որ ցանկացածդ դաշնամուրային եռյակի նվագացանկում է։ Տրիոյի մոսկովյան բեմելը` հեղինակի, ջութակահար Դավիթ Օյստրախի եւ թավջութակահար Սվյատոսլավ Կնուշեւիցկու մասնակցությամբ ունեցավ աննախադեպ հաջողություն։
«Հերոսական բալլադ»-ը՝ թերեւս ամենասիրված, ամենաբաբաջանյանական գործն է: Պարզ թեմա հինգ վարիացիայով: Իրականում` սիրո հանճարեղ խոստովանություն Հայրենիքին: Ռիթմի քմայք, մեդեդու շքեղություն, գույների խրախճանք, շարժում, կյանք… Կա՞ արդյո՜ք նման գործ համաշխարհային գրականության մեջ։ Անհնար էր մոտենալ այդ ստեղծագործության կատարմանը իր կյանքի օրոք: Ինչպե՜ս էր նվագում` իր իսկ հնչյուններին ձուլված…

Եթե չեմ սխալվում, 1965-ի ամռանն էր, երբ Առնո Հարությունովիչը Դիլիջանում ավարտեց «Վեց պատկեր» դաշնամուրային շարքը։ Անտիպ նյութերը՝ Երեւան հասնելուն պես, կայծակնային արագությամբ անցան ձեռքից ձեռք։
Կոնստրուկտիվ սիստեմով գրված, խիստ բանական, ազգային առումով անդեմ գործերն այնքա՜ն հայկական էին՝ հեթանոսական շնչով լեցուն «Սասունցիների պար»-ով, «Ժողովրդական»-ով, «գուսանական»՝ «Իմպրովիզացիա»-ով, «Խորալ»-ով… Եվրոպական համակարգի չոր ու ցամաք անապատում իսկ ծիլ էր տվել Բաբաջանյանի ոգին, բաբաջանյանական հանճարը:

1972-ին լույս տեսավ ձայնասկավառակս «Պատկերներ»-ի ձայնագրությամբ: Երկյուղով մոտեցա Առնո Հարությունովիչին՝ այն իրեն նվիրելու մտադրությամբ: Երկյուղս հասկանալի էր, պաշտելի դաշնակահարի, կոմպոզիտորի դատին պիտի հանձնեի մի գործի ձայնագրություն, որի չգերազանցված կատարողն էր ինքը, եւ որը, սակայն, ես լսում ու տեսնում էի այլ տեսանկյունից, իրենից տարբեր մեկնաբանությամբ։

Արդեն հաջորդ օրը Բաբաջանյանների հյուրընկալ տանն էի, ուտեստներով լի սեղանի առջեւ։ Ունկնդրումը սարսափելի էր՝ չէր հավանում, չէր էլ թաքցնում հիասթափությունը:
Շուտափույթ բաժանվեցինք… Այդուհանդերձ, ի զարմանս ինձ, տարիներ անց սկսվեցին հեռախոսային զանգեր հեղինակի անունից՝ «Պատկերներ»-ն իր փոխարեն այս կամ այն համերգում կատարելու առաջարկով (առողջության վատթարացման պատճառով սահմանափակել էր ելույթները):

1977-ին Ավստրալիայում կայանալիք մրցույթի մասնակիցներ ընտրելու նպատակով, ինչպես ընդունված էր այդ տարիներին, հատուկ հանձնաժողով էր հրավիրվել Մոսկվայում: Առնո Հարությունովիչը հանձնաժողովի անդամ էր, ես` նվագողների թվում։ Ձգված, խնամքով հագնված, գալիս էր բոլոր ունկնդրումներին։ Լավ չէր զգում իրեն` ակնհայտ էր։ Խնդրում էի, որ գար բացառապես իմ ելույթների ժամանակ։ «Իսկ ինչպե՜ս ասեմ, որ բոլորից լավն եք, եթե բոլորին չլսեմ», – զայրանում էր կեսլուրջ, կեսկատակ:

Վերջին անգամ հանդիպեցինք Երեւանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգում։ Բաբաջանյանը Ռուբեն Ահարոնյանի հետ պիտի կատարեր ջութակի եւ դաշնամուրի Սոնատը, ես՝ դաշնամուրային «Պատկերներ»-ը։
Պետք էր տեսնել նրան բրդյա տաք ձեռնոցներով, հետնաբեմի փոքրիկ տարածքը անհանգիստ չափելիս: Ինչպե՜ս էր բարձրաձայն հանդիմանում ինքն իրեն՝ ելույթին պատշաճ կերպով չպատրաստվելու համար։ Արտիստն իրենում ամենից վեր էր:
1990-ին Փարիզում կայացած «Հայ մշակույթի օրերի» համերգներից մեկում դարձյալ կատարեցի «Պատկերներ»-ը: Բեմից դուրս գալուն պես հայտնվեցի անծանոթ մեկի գրկում։ Ֆրանսահայ փայլուն մտավորական, հայ կոմպոզիտորների մեծ բարեկամ, «Կատրա» ընկերության նախագահ Գրիգոր Համբարձումյանն էր: «Վերջապես կենդանի լսեցի», – բացականչեց նա ու ավելացրեց, որ Ա. Բաբաջանյանը բերել էր Փարիզ «6 պատկերով» իմ ձայնապնակը, նվիրել իրեն ու ասել. «Ինձ նման չէ, բայց լավ է»: Ժամանակի մեջ մոլորված խոստովանությունը հասավ ինձ… Կարելի է պատկերացնել ակնածանքի եւ շնորհակալության ինչպիսի տաք ալիք բարձրացավ մեջս հանդեպ մեծ մարդն ու երաժիշտը:

Տարիներ շարունակ, ղեկավարելով Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի ուսանողների ավարտական քննությունների հանձնաժողովը, Բաբաջանյանը, բառիս բուն իմաստով, ապշեցնում էր գոծընկերներին իր անաչառությամբ:
Ընդամենը մի քանի տարի դասավանդեց Երեւանի կոնսերվատորիայում։ Ի դեպ, Դ. Դ. Շոստակովիչը մի առիթով ասել է, թե ափսոս, որ Առնոն քիչ է դասավանդում, տալու այնքան բան ունի…: Իրոք ափսո՜ս։

Շոստակովիչի հիշատակին է գրված Բաբաջանյանի լավագույն գործերից մեկը՝ լարային Կվարտետը՝ կտրուկ եւ հաջողված անդրադարձ նոր ժանրին։
Հարգանքի տուրք …

Շատ նման է Ա. Բաբաջանյանին, որի մասին պատմությունն անավարտ կլիներ, եթե չխոսվեր հիրավի, համընդհանուր այն սիրո մասին, որը վայելում էր: Առնոն, Առնոշան՝ ինչպես փաղաքշորեն անվանում էին նրան ռուս բարեկամները։
Եվ ինչպես կարելի էր չսիրել նրան` արեւային էր, մաքուր, պարզ, անմիջական:
Եթե մեզ հետ լիներ այսօր, պիտի հերքեր թիվն այս, բաբաջանյանական իր կենսառատությամբ:

Կյանքը սիրում էր նրան, ինքն էլ` կյանքը, ինքը՝ Առնո Բաբաջանյանը:
Հողմով բերված մի հատիկ էր, որից վեր խոյացավ արդի հայ երաժշտության կենաց ծառը…

Խոսք Ա. Բաբաջանյանի ծննդյան
75-ամյակի առթիվ
Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն, 1996 թ.

ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ,
Պետական մրցանակի դափնեկիր,
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանակիր,
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031