2013թ.-ի նոյեմբերի 14-ին Հայաստանում արդեն չորրորդ տարին պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցեց Հայաստանի բոլոր մարզերի 305 և Ստեփանակերտի 12 դպրոցների 2-12-րդ դասարանների 8755 աշակերտ: Մրցույթի արդյունքներն ամփոփված են. «Ռուսական արջուկն» այս տարի Հայաստանում ունի 425 մրցանակակիր, որոնցից 130-ն արձանագրել են լավագույն արդյունք:
Նշենք, որ «Ռուսական արջուկին» Հայաստանի և Արցախի աշակերտները մասնակցում են մեծ սիրով ու հետաքրքրությամբ: Դրա մասին փաստում են մասնակիցների ակտիվության ցուցանիշները և մրցանակակիրների քանակը, ինչը տարեցտարի աճում է: Երեխաների այսպիսի ակտիվությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայ դպրոցականներն ամեն տարի սիրով ու ոգևորությամբ են մասնակցում աշխարհում տարբեր առարկաներից անցկացվող ամենազանգվածային մրցույթներին։
Մրցանակաբաշխությունների մասին. Հունվարի 29-ից 31-ը և փետրվարի 3-ից 4-ը «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները շրջելու են Հայաստանի քաղաքներով, ինչպես նաև լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաներին իրենց հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:
Մրցանակաբաշխությունների մանրամասն ժամանակացույցը`
ըստ քաղաքների և ամսաթվերի, կգտնեք կից:
Հրավիրում ենք լուսաբանելու «Ռուսական արջուկ 2013»
մրցանակաբաշխության արարողությունները:
Բոլոր 8755 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, ինչպես նաև բոլոր մասնակից 317 դպրոցները կստանան մասնակցության հավաստագրեր: Այս տարի «Այբ»-ը կրկին սահմանել է լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ամեն դպրոց կունենա առնվազն մեկ մրցանակակիր:
«Ռուսական արջուկ» մրցույթի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:
Մրցույթի կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:
Մամուլի հաղորդագրություն