Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Հրադադարի խախտումների ծավալն աննախադեպ է». «Հայոց Աշխարհ»

Հունվար 24,2014 13:08

Հատված ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հարցազրույցից:

   -Ինչպե՞ս եք գնահատում հակառակորդի ձեռնարկած վերջին դիվերսիոն գործողությունները եւ շփման գծի երկայնքով շարունակվող կրակահերթերը։ 

-Մենք, իհարկե, վերլուծում ենք իրավիճակը տարբեր տեսանկյուններից։ Իրոք, հրադադարի խախտումների ծավալն աննախադեպ է՝ համենայն դեպս նախագահների հանդիպումից հետո հակառակորդի կողմից նման «ակտիվություն» չէր գրանցվել։ Փորձենք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում, եւ ինչ է Ադրբեջանի ուզածը։

Գիտեք, որ հունվարի 24-ին նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. մի հանդիպում, որ միջնորդները շատ դժվարությամբ կարողացան կազմակերպել։ Եվ այդ հանդիպման նախաշեմին ադրբեջանական դիվերսիոն խմբերը փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք ու հետ են շպրտվում՝ կրելով մեծ կորուստներ։ Սա արդեն դարձել է օրինաչափություն։

-Կարծում եք՝ Ալիեւը պատրա՞ստ է լոկալ սահմանային միջադեպերից անցնել լայնածավալ պատերազմական գործողությունների։ 
-Չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը փորձում է լարել իրավիճակը շփման գծում եւ «հարմար պահին» անցնել լայնածավալ հարձակման։ Բայց կան օբյեկտիվ պատճառներ, որ թույլ չեն տալիս Ադրբեջանին դիմելու նման արկածախնդրության։

Սկսենք նրանից, որ տարածաշրջանում, ընդհանրապես միջազգային աշխարհաքաղաքականության մեջ տեղի են ունենում կարեւոր զարգացումներ՝ ազդեցության գոտիների համար պայքարը կարծես մտնում է հարաբերական դադարի փուլ, մասնավորապես թուլանում է լարվածությունը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Իհարկե, հարաբերությունների կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է՝ մենք չգիտենք, թե ինչով է վերջանալու այս ամենը, բայց առնվազն մի քանի ամիս իրավիճակը լինելու է ավելի հանգիստ։

Մյուս կողմից՝ մի շաբաթից մեկնարկում են Սոչիի օլիմպիական խաղերը, եւ այս պայմաններում Ադրբեջանը փորձում է կտրուկ սրել իրավիճակը շփման գոտում, ինչը անմիջականորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը եւ խաղաղությանը։ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ադրբեջանցիները, ինչպես միշտ, առաջին գիծ կմղեն ազգային փոքրամասնություններին, իսկ նրանք չեն ուզում կռվել Ադրբեջանի համար։

Եթե Ադրբեջանում բնակվող լեզգիները, աջարները, թալիշները ոտքի կանգնեն՝ Դաղստանում եւ Իրանում ապրող նրանց հայրենակիցները կսատարեն իրենց եղբայրներին։ Այսինքն՝ տարածաշրջանային իրավիճակը կպայթի՝ ստեղծելով համաշխարհային խառնաշփոթ, որը որեւէ մեկին ձեռնտու չէ։ Այս քայլերով Ադրբեջանը պարզապես շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը՝ խաղաղության եւ կայունության դիմաց ինչ-որ բան կորզելու ակնկալիքով։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031