Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան – 7

Հունվար 24,2014 12:30

Չնայած Հայաստանում գրեթե բոլորն են դժգոհում կուսակցությունների բազմաքանակությունից, այդուհանդերձ, կուսակցությունները շարունակում են ստեղծվել ու բազմանալ: ՀԱԿ-ի տրոհման արդյունքում նախ «Ազատ դեմոկրատներն» առաջացան, այնուհետև` նոր ՀՀՇ-ն: « Ժառանգության» հետ ժամանակավոր համագործակցության արդյունքում «Ազատ դեմոկրատներն» անմիջապես դարձան խորհրդարանական կուսակցություն, և ճակատագրի ու դեպքերի բերումով նորաստեղծ ՀՀՇ-ն էլ, Ազատ դեմոկրատներից ՀՀՇ տեղափոխված Ալեքսանդր Արզումանյանի շնորհիվ, նույնպես մեկից դարձավ խորհրդարանական կուսակցություն:

Հայաստանի հին ու նոր կուսակցություններն իրենց ծրագրերով իրարից առանձնապես շատ չեն տարբերվում. նրանք բոլորն էլ մեր երկրին հրաշալի ու անվտանգ ապագա են խոստանում, իսկ մեր ժողովրդին` բարօրություն: Կուսակցական կրկնօրինակված այդ ծրագրերում նույնիսկ բաղձալի ապագայի ճանապարհներն ու եղանակներն են նշվում, իսկ դժվարությունների մասին` ոչ մի խոսք, և չնայած կուսակցությունների ծրագրերն իրարից առանձնապես շատ չեն տարբերվում, նրանցից յուրաքանչյուրն իր ծրագրին ու ծրագրային դրույթներին ամենայն պատկառանքով է վերաբերվում, իսկ հակառակորդ կամ մրցակից կուսակցության ծրագրերին ու գաղափարներին` ամենայն քամահրանքով: Սա ինչ-որ տեղ նույնիսկ բնական էլ է, որովհետև ցանկացած` նույնիսկ ամենախղճուկ կուսակցությունն անգամ իր տեսլականներում իշխանության է ձգտում և իշխանություն է փափագում:

Ի տարբերություն քաղաքականապես ու տնտեսապես զարգացած երկրների, հետխորհրդային հանրապետություններում իշխանության նվաճումը, ամեն ինչից բացի, կապիտալի նախնական ձեռքբերման ու կուտակման միջոց է, և հատկապես ու մանավանդ Հայաստանում է էդպես, և չնայած Քոչարյանն առանց կուսակցության` զուտ արհեստավարժորեն Հայաստանի նախագահ դարձավ, դա ընդամենը իրավիճակի փոփոխության և ներիշխանական հեղաշրջման արդյունք էր, այլ ոչ թե` քաղաքական պայքարի արդյունք: Եվ հիմա արդեն բոլորի համար պարզից էլ պարզ է, որ արդի փուլում Հայաստանում իշխանություն նվաճելու ու նախագահ դառնալու համար պիտի առնվազն սեփական կուսակցություն ունենաս, այլապես ոչ միայն որևէ արդյունքի չես հասնի, այլև քաղաքական պայքարի մեջ էլ չես կարող մտնել: Եվ այդ է պատճառը, որ արդի Հայաստանում ոչ միայն կուսակցությունների, այլև կուսակցականների թիվն է գնալով ավելանում ու բազմապատկվում: Եվ այսօր Հայաստանում նույնիսկ գործարարների ու օլիգարխների համար է անկուսակցական լինելը չափազանց աննպաստ, և ցանկալի է, որ գործարարն ու բիզնեսմենն ընդգրկված լինեն ազդեցիկ ու երևելի կուսակցության կազմում:
Եվ միանգամայն բացատրելի, հասկանալի ու տրամաբանական է, որ մեր գործարարների ու մեծահարուստների գերակշիռ մասն ընդգրկված են ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում: Եվ փաստորեն, ազդեցիկ ու երևելի կուսակցությունը գործարարի ու սեփականատիրոջ համար ամուր ու հուսալի տանիք է հանդիսանում: Եվ տարբեր տարիներին տարբեր գործարարների համար տանիք են հանդիսացել նաև ՀՀՇ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և նույնիսկ Տիգրան Կարապետիչի ԺԿ-ն: Եվ ԱԻՄ-ն էլ անձամբ Հայրիկյանի համար է հուսալի տանիք հանդիսացել, և ԱԺՄ-ն` անձամբ Վազգեն Մանուկյանի համար, և Վազգեն Մանուկյանի առումով ԱԺՄ-ին նաև Հանրային խորհուրդն է գումարվել:

Եվ չնայած կուսակցությունները հիմնականում իրենց նախագահների համար են տանիք հանդիսանում, նաև շարքային անդամների բարօրության համար են որոշակի հիմք հանդիսանում: Եվ  չնայած նախախորհրդարանը, քաղաքացիական նախաձեռնություններն ու այլևայլ խմբավորումներ մեզ փորձում են համոզել, որ առանց կուսակցությունների ու առանց կուսակցականների էլ է հնարավոր մեր երկրի ներքաղաքական կյանքում եղանակ ստեղծել ու եղանակ փոխել, և չնայած նախախորհրդարանն ու քաղաքացիականները վերջերս նկատելիորեն եղանակ են ստեղծում, այդուհանդերձ, նրանք ուշ թե շուտ կուսակցության ձև ու կերպարանք կստանան, այլապես իրենց պայքարով այս կամ այն կուսակցության հաջողությանը կամ անհաջողությանն են նպաստելու:

Եվ մինչ էս բաների շուրջ մտորում էինք, ինքնառաջացավ և իր առաջացման մասին հայտարարեց Նիկոլի ու Սասուն Միքայելյանի Քաղաքացիական պայմանագիրը, որի հիմնադիր անդամները չնայած այս պահին անկուսակցականներ են, այդուհանդերձ, իրենք, ըստ էության, կուսակցություն ու կուսակցականներ են, որովհետև իրենց իսկ ստեղծման պահից հայտարարել են, որ իրենց նպատակները քաղաքական են:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031