Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 24,2014 12:09

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսունյոթերորդ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «բայց հարցի մյուս կողմն էլ կա», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «հարցի մյուս կողմը ո՞րն ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու լրջանալով Ջավախյանին ասաց՝ «հարցի մյուս կողմն էն ա, որ հավատքի պակասից կարող ա դու չչորանաս, բայց ես չորանամ», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ ում շատ ա տրված, նրանից շատ ա պահանջվում», եւ Ջավախյանն Անանիային արհամարհական հարցրեց՝ «այսինքն, քեզ ա՞ շատ տրված», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «քո համեմատ՝ հա, շատ ա տրված», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային հարցրեց՝ «իմ համեմատ քեզ ի՞նչ ա շատ տրված, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որոշ մարդկանց համեմատ հավատացյալ եմ, բայց էդ դեռ հավատացյալ լինել չի նշանակում», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «բա ի՞նչ ա նշանակում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «նշանակում ա, որ ձգտում եմ», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ն ես ձգտում», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «հավատքի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Անանիային ասաց՝ «փաստորեն, բախտներս բերել ա, որ մեզ քիչ ա տրված», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ բախտն ա բերել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մեկը՝ իմ», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ ա բախտդ բերել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «որ ինձ էլ շատ տրված ըլներ, ինձնից էլ պիտի շատ պահանջվեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, ինձ քիչ ա տրված, դրա համար էլ Աստված ինձ ներում ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստված բոլորին ա ներում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ քեզ ա շատ ներում», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային ասաց՝ «լավ ա՝ էդքանը նկատել ես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստված ամեն մեկին տարբեր պատճառով ա ներում» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին հարցրեց՝ «գոնե գիտե՞ս՝ քեզ ինչի ա ներում», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «ինչի՞ ա ներում», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մենակ թե՝ առանց հռհռալու» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «թե լուրջ ես հարցնում, կպատասխանեմ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «լրիվ լուրջ եմ հարցնում», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «ինձ էլ ա հետաքրքրում՝ ինչի ա Աստված Ջավախյանին ներում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստված բոլորի հանդեպ էլ ներողամիտ ա, բայց Ջավախյանի հանդեպ ավելի ներողամիտ ա, քան՝ ուրիշների», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «պատճառը ո՞րն ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատճառն էն ա, որ Աստված Ջավախյանին ավելի խիստ փորձությունների ա ենթարկել, քան՝ մյուսներիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ջավախյանն էլ Աստծո էդ խստագույն փորձությունները հաջողությամբ ա հաղթահարում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «խստագույն փորձությունները որո՞նք են», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «քանի՞ տարի կըլնի՝ Վերնիսաժում արծաթ ես ծախում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համարյա քսան տարի կըլնի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա Ոսկու շուկայո՞ւմ քանի տարի կըլնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոտավորապես տասնհինգ տարի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, քսան տարի ա՝ փորձության ես ենթարկվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քսան տարի ա՝ Աստծո փորձությունը հաջողությամբ հաղթահարում ես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ հաղթահարում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թեթեւությամբ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թեթեւությամբ ու մեծ հաճույքով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բայց ի՞նչ փորձության մասին ա խոսքը», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էս քսան տարվա մեջ քանի՞ անգամ արձակուրդ գնացած կըլնես», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «ոչ մի անգամ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ես հո իմ թշնամին չեմ, որ առեւտուրս թողեմ՝ արձակուրդ գնամ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «շաբաթ ու կիրակի էլ չես հանգստացել, չէ՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շաբաթ ու կիրակի Վերնիսաժի օրերն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես հո իմ ու իմ ընտանիքի թշնամին չեմ, որ առեւտուրս թողեմ՝ շաբաթ ու կիրակի հանգստանամ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ես հո հրեա չեմ, որ շաբաթ օրերը հանգստանամ», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «մենք էլ հրեա չենք, բայց շաբաթ ու կիրակի հանգստանում ենք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեզ հասնում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ձեզ պետականորեն ա հասնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ առեւտրի հիմնական օրերը Վերնիսաժի շաբաթներն ու կիրակիներն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ շաբաթ ու կիրակի հանգստանամ, ընտանիքս ո՞վ ա պահելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նույնիսկ անձրեւների ու բուքուբորանների ժամանակ պոստս չեմ լքում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ մի քանի անգամ կարկուտի պատճառով եմ պոստս լքել», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դրա համար էլ Անանիան էդ աշխատանքդ փորձություն ա համարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Անանիայի համար կարող ա փորձություն ա, բայց իմ համար հաճույք ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «դրա համար էլ Տիրոջ կողմից միշտ ներում ես ստանում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար եմ ներում ստանում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Տիրոջ փորձությունը հաճույք ես համարում», եւ Հայկունին ասաց՝ «Ջավախյանն առեւտուրից իրոք հաճույք ա ստանում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ոչ թե առեւտուրից եմ հաճույք ստանում, այլ էն գաղափարից, որ առեւտուրի շնորհիվ էս բարդ ու ծանր ժամանակներում ընտանիք եմ պահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «ընդ որում, առանց սրանրա առաջ վիզ ծռելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ ամեն ինչն իմ համար իսկականից հաճույք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ Անանիայի համար ա փորձություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Անանիային հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ փորձություն ա, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ մի բան հաստատ չեմ իմանում, չեմ ասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Անանիային ասաց՝ «հազիվ մի անգամ ինձ գնահատեցիր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անկախ ինձանից ստացվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, Ջոնն էլ ա քեզ գնահատել», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «Ջո՞նը երբ ա գնահատել», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «որ զանգել՝ քեզ պերսոնալնի խաշի ա հրավիրել, էդ նշանակում ա՝ գնահատել ա», եւ Ջոնը ծիծաղելով ասաց՝ «իմն էլ ա անկախ ինձանից ստացվել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավատում եմ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031