Հատված ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար, վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունում պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ հարցազրույցից:
– Վստա՞հ եք, որ երբ խորհրդարանական կամ արտախորհրդարանական որևէ քաղաքական ուժ այդ ծրագիրը ներկայացնի՝ իր հիմնավորումներով ու կատարման մեխանիզմներով, ժողովուրդը նրա հետևից կգնա։
– Ծրագիր ներկայացնողը այնպիսի քաղաքական ուժ կամ անհատ պետք է լինի, որ իր գործունեությամբ որևէ կասկած չհարուցի։ Այս տարիներին, ինչ իրենից կախված էր, ժողովուրդն արել է։ Երբ վստահել է, դուրս է եկել պայքարի։
– Թե՞ ավելի շատ դեմ է եղել, քան կողմ։
Կարդացեք նաև
– Երբ տեսել է, որ իրեն փորձում են օգտագործել իրենց խնդիրները իշխանության հետ լուծելու կամ կեղծ ընդդիմադիր գործունեություն ծավալած ուժերի հետ շահեկան կապեր ձևավորելու համար, ժողովուրդն անմիջապես գնացել է այնտեղ, որտեղ իրեն ավելի ապահով է զգում կամ մնացել է տանը, կամ հեռացել Հայաստանից։ Այսօրվա դեֆիցիտը նաև քաղաքական արժեհամակարգի մեջ է։ Ինչո՞ւ ենք ուզում, որ Ուկրաինայում ժողովուրդը հաղթի, որովհետև մենք էլ ենք հաղթանակ ուզում։ Մենք ունեցել ենք այդպիսի հաղթանակների հնարավորություն և 2003-ին, և 2008-ին։
– Բայց մենք չենք ունեցել դրսի աջակցություն, ինչպես Ուկրաինայում։
– Որովհետև դուրսը նաև քո քաղաքական նպատակների անկեղծությունը պետք է տեսնի։ Արևմտյան արժեքների մասին խոսում ենք, ռուսական ռազմաբազաների գոյությունը 49 տարով երկարացնում։ Իշխանությունը կարող է ինքնապահպանման համար գնալ գործարքի, բայց ոչ ընդդիմությունը, որը պետք է ժողովրդին տանի այնտեղ, որտեղ իրեն ավելի լավ է զգում, ապահով ու բարեկեցիկ։
Ընդդիմությունը չկարողացավ կողմնորոշվել իր քաղաքական նպատակների մեջ, և մենք կորցրինք հնարավորությունը։ Ի վերջո 2008-ին մենք ունեցանք մարտի մեկ։ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն այն ուժերին, որոնք Սահմանադրությամբ այդ լիազորությունն ունեն, այլև Սահմանադրության խախտումով հնարավորություն տվեց բանակը ներգրավել ներքաղաքական զարգացումներում։ Փաստահավաք խմբի 0038 հրամանն այդ իրողության բացահայտումն էր։ Բանակի մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին, բանակը ներքին թշնամի չի կարող ունենալ, բանակն ունի միայն արտաքին թշնամի։ Այն երկրները, որտեղ կա զինվորական էլիտա, ունենում են քաղաքական կայուն համակարգ և զարգանալու հնարավորություն։ Երբ բանակը ներգրավվում է ներքաղաքական կյանքում, միայն արյուն է թափվում։ Այն ժամանակվա իշխանությունները չկարողացան այդ գայթակղությունից զերծ մնալ, և այսօր էլ մենք դրա պտուղները քաղում ենք։ Ես կարծում եմ հենց դա է պատճառը, որ չենք կարողանում զինված ուժերում բարեփոխումներն այն աստիճանի հասցնել, որ վերանան ներքին դժբախտ պատահարները, որ որևէ կասկած չլինի, թե դժբախտ պատահարի պատճառով է զինվորը մահացել, այլ ոչ թե ոչ կանոնակարգային հարաբերությունների։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի