Եվրոպայի պահվածքը գոնե մեր՝ հայաստանցիներիս տեսակետից, մեղմ ասած, տարօրինակ է։ Նա գործի է դրել Յանուկովիչի վարչակազմի վրա ունեցած ազդեցության լծակների ողջ զինանոցը, եւ ակնհայտ է, որ աննկարագրելի ջանքեր է թափում Ուկրաինային «արեւմտյան ուղի» վերադարձնելու համար։
Ակնհայտ է նաեւ, որ Եվրոպայի ազդեցության լծակների ռեսուրսը անսպառ չէ, եւ մեծ է հավանականությունը, որ օրերից մի օր այն ստիպված կլինի նահանջել։
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այսպես ստացվեց։ Պետք է նկատել, որ Եվրոպայի ազդեցության թուլացման միակ մեղավորը հենց նույն Եվրոպայի դավանած երկակի ստանդարտներն են։
Ինչպե՞ս իրեն պահեց այդ Եվրոպան 2008 թվականի ձմռանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ։ Մի քանի երկչոտ փորձեր արեց արյունահեղությունը կանխելու համար, բայց հետո որոշակի պայմանավորվածությունների եկավ Սերժ Սարգսյանի հետ ու առանց չափազանցության «ծախեց» մեր Ազատության հրապարակը՝ մեր Մայդանը։ Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում գրեթե այնքան մարդ էր հավաքել, որքան այսօր 50 միլիոնանոց Ուկրաինայի Մայդանում։ Պարզ համադրումը ցույց է տալիս, որ նույն պայմաններում Մայդանում պետք է հավաքվեր 15 անգամ շատ ժողովուրդ, քան 2008-ի փետրվարին Երեւանում։ Այսօր, իհարկե, անհնար է հստակ հաշվարկել, թե ինչ կլիներ, եթե 2008-ին Եվրոպան ավելի սկզբունքային գտնվեր ու ՀՀ գործող իշխանությանը ետ պահեր «Մարտի 1» իրականացնելու մոլուցքից։ Բայց հաստատ կարելի է պնդել, որ այդ դեպքում նրա ազդեցությունը հետխորհրդային տարածքում շատ ավելի մեծ կլիներ, ու այսօր գուցե կարիք չէր լինի կաշվից դուրս գալ ուկրաինացի ցուցարարներին Յանուկովիչի «Բերկուտից» պաշտպանելու համար։ Այնպես որ, 2008-ին Եվրոպայի շպրտած բումերանգը հասել է տեղ՝ հենց Եվրոպայի ճակատին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում