2013թ. սեպտեմբերի 27-ին «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է կայացել: Հոկտեմբերի 1-ին այդ պաշտոնում նշանակվել է Վազգեն Մարգարյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում ներկայացրեց կենտրոնում կատարված փոփոխությունները, ասելով, որ իր պաշտոնավարման առաջին ամսում վճարովի ծառայություններից գոյացած գումարները նախորդ ամիսների համեմատ կրկնակի, երրորդ ամսում եռակի անգամ ավելացել են : 2013թ. առաջին 9 ամիսներին վճարովի ծառայություններից մուտքագրվել է 17 միլիոն դրամ, հաջորդ 3 ամսվա ընթացքում վճարովի ծառայությունների գումարը կազմել է 15 միլիոն դրամ: Վճարովի ծառայությունների հաշվին բուժկենտրոնը անցյալ տարին փակել է 2 միլիոն դրամ շահույթով:
Կարդացեք նաև
Իջեւանի բժշկական կենտրոնում ընդհանուր 125 դրույքաչափով 135-140 աշխատող կա, աշխատավարձերը ժամանակին տրվել են, հարկային պարտավորությունների եւ աշխատավարձերի պարտքեր չկան, աշխատողներին ամանորի կապակցությամբ տնօրինության կողմից նվերներ են տրվել: Նախկինում բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում եղել է միջինը 5 հիվանդ, ներկայումս բաժանմունքի 16 մահճակալները զբաղեցված են: Տնօրինության կողմից կենտրոն են հրավիրվել հմուտ, փորձառու բժիշկներ: Հրավիրել է Երեւանի կլինիկաներից մեկում բաժնի վարիչ աշխատած, փորձառու մասնագետ,ով նշանակվել է Իջեւանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ: Դրա արդյունքում բժշկական կենտրոն վիրահատական միջամտության կարիք ունեցող հիվանդների թվի աճ կա: Վ. Մարգարյանն ասաց, որ որ բժշկական կենտրոնում աշխատանքի է ընդունվել Իջեւանի Վազաշեն գյուղից, Ռուսաստանում կրթված հմուտ վնասվածքաբան: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից հրավիրվել է մանկաբույժ-վարակաբան, վերակենդանացման գծով մասնագետ Աղասի Մահտեսյանը:
Նախկինում ծննդկաների մեծ մասին Իջեւանից տեղափոխում էին Դիլիջան, Երեւան եւ այլ քաղաքներ, 2013թ. հոկտեմբերին Իջեւանի բժշկական կենտրոնում ծննդկաների թիվն աճելով՝ կազմել է 47: 4-5 երեխա ունեցող մայրերին բուժկենտրոնի կողմից խորհրդանշական նվերներ են տրվում, բուժկենտրոնը համագործակցում է ծագումով իջեւանցի, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Բլբուլյանի հետ, ով ամեն շաբաթ Իջեւանում գինեկոլոգիական վիրահատություններ է կատարում:
Կենտրոնի տարածքի բարեկարգվել է, նախկինում մոշուտները փակել էին շենքերի պատերը, պատուհանները, դիահերձարանը, լաբորատորիայի շենքը վատ վիճակում էին, բուժկենտրոնի մուտքի լույսերը ջարդված էին, դրանք նորոգվել են:
Վ. Մարգարյաննն ասաց, որ նպատակ կա վճարովի ծառայությունների հաշվին ինֆեկցիոն բաժանմունքի շենքում 2 սենյակ նորոգել եւ կահավորել, որպեսզի ժամանած բժիշկները գիշերելու տեղ ունենան, բուժաշխատողների համար, վճարովի ծառայությունների հաշվին, ձեռք կբերվի ծառայողական ավտոմեքենա: Վ. Մարգարյանը հուսով է, որ տարածաշրջանից բարեգործներ կլինեն, ովքեր սոցփաթեթից չօգտվող, սահմանամերձ գյուղերի բնակիչներին հնարավորություն տան բուժօգնություն ստանալու: Բարեգործների աջակցությունը կտրամադրվի նոր սարքավորումներ, դեղորայքի ձեռք բերելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ