Այսօր Շիրակի մարզպետարանում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների` Հյուսիսային Սեյսմիկ ծառայության, հրդեհային և անվտանգության տեսչության, փրկարար ծառայության, ինչպես նաև հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության, տեխնիկական անվտանգության մարզային կենտրոնի հաշվետու նիստն էր:
Այն բավական երկար տևեց` մոտ 3 ժամ, քանի որ յուրաքանչյուր պատասխանատու հանդես եկավ երկարաշունչ ելույթով, թվախեղդ անող մանր հաշվետվությամբ`այսպիսով մի լավ ձանձրացնելով ներկաներին: Վերջիններս կարծես ջանք , եռանդ չէին խնայել հաշվետվությունները մեկը մյուսից ձանձրալի ներկայացնելու համար: Զեկույցներում ոչ թե տեղ էին գտել հիմնախնդիրներն ու կարևոր ցուցանիշները, այլ ունկնդրելու չարժանի փաստեր: Նիստը լուսաբանող լրագրողները այնքան ձանձրացան, որ կատակեցին, թե մարզխորհրդի նիստերն անգամ ավելի հետաքրքրիր են, քան սա:
Այս ամենը նիստի վերջում ամփոփեց նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ով ուշագրավ, հետաքրքիր փաստեր հայտնեց պատերազմող Հայաստանի ռեզերվային իրավիճակի, ԱԻՆ նախարարության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև նախարար Արմեն Երիցյանի աշխատաոճի մասին:
Կարդացեք նաև
Գեներալ Գրիգորյանն ասաց. «Եթե որևէ ընտանիքի կնոջ լվացքի պարանը կախված լինի ու փրկարարները չգնան օգնելու, նախարարը նրանց կաշին կքերթի: Բոլորին ասված է, նախարարի խոսքը սա է` ո՞վ, եթե ոչ մենք… Ժողովուրդը պետք է իմանա, որ այս պետության մեջ կա մի կառույց, որը կանգնած է իր կողքին ամենանեղ պահին: Էսպես ասեմ, մի հիվանդ ունենք, ինքը 150 կիլոգրամ է, ամեն անգամ, որ շտապօգնությամբ նրան տեղափոխեն հիվանդանոց, զանգում, ասում է` հա, էլի ես եմ, էն զապառոժեցի անեկդոտի նման է` էլ ես եմ: Մենք մարդկանց կողքը պետք է կանգնած լինենք, առնչվում ենք մարդկային տարբեր ճակատագրերի հետ ու տարբեր ոլորտների: Երբ որ ես հարցրեցի` ինչո՞ւ այստեղ նստած չեն ուժային կառույցների ներկայացուցիչները. բոլորը ծառայությունները իրենց տեղն ու դերն ունեն արտակարգ իրավիճակների կառավարման , առավել ևս քաղծառայության ոլորտում, մենք առնչվում ենք բոլորի հետ, որովհետև մարդկանց կյանքի, առողջության հարցերն են, կապված է և ջրմուղի հետ, և գազի, բոլոր ծառայությունների հետ»:
Նա ասաց, որ Շիրակի մարզում կունենան ճգնաժամային կառավարման կենտրոն` հագեցված ամենավերջին տեխնիկայով և 9-1-1 ծառայություն , որը արագ կարձագանքի մարդկանց խնդիրներին: «Ինչքան էլ Սարիբեկյանի մղկտոցը գա, (ի նկատի ունի Շիրակի մարզի փրկարարական ծառայության պետ Մարատ Սարիբեկյանին) թե ավտո չունեմ, բենզինս քիչ է, ունես, թե չունես դու պարտավոր ես քո եղած և չեղած միջոցներով կատարես էն խնդիրը, որը քո առջև դրված է»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Նա նաև աչքալույս տվեց ԱԻՆ աշխատակիցներին `տեղեկացնելով, որ եթե հունվարից աշխատավարձերը բարձրանում են 5-10 տոկոսով, այլ հունիսից 1-ից այն լուրջ գումար կդառնա:
Ռուսաստանից Հայաստան ներկրվող տեխնիկային, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ցուցանիշներին կանդրադառնանք վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պարսիկներն են սիրել կաշին քերթել, մեջը խոտ լցնել ու կախել բերդերից: