Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ ապրանքները թանկանան, ուրեմն, իրոք ստվերում են աշխատել»

Հունվար 23,2014 20:50

Կառավարությունը որոշել է մի շարք ապրանքատեսակներ դրոշմապիտակավորել: Սրանով կառավարությունը փորձում է պայքարել ստվերի դեմ, սակայն, ենթադրվում է, որ այդ պայքարը սպառողների գրպանի հաշվին կլինի`հաշվի առնելով կառավարության նախկին փորձը, երբ գարեջուրն ու ոգելից խմիչքներն էլ պարտադիր դրոշմապիտակավորման տակ ընկան, այդ ապրանքները 10-20 դրամով թանկացան:

Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող»  հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ` որոշումը կարող է սպառողի համար թե դրական, եւ թե բացասական ազդեցություն ունենա. «Եթե իրենց նպատակը տնտեսությունը ստվերից դուրս բերելն է, ապա ընդհանուր իմաստով, այո, ստվերից դուրս է գալիս, պետական բյուջե մտնում է գումար, որը ինչ-որ մի կերպ գալիս է էլի հասնում սպառողին: Այսինքն, եթե ստվերն են դուրս բերում, դրական գործընթաց է, բայց, ցավոք սրտի, մեր երկրում այդ փորձը չունենք, դրա վառ օրինակն է, օրինակ` գարեջուրն ու սուրճերը դրոշմապիտակ պահանջեցին, ընդամենը 2-3 դրամ էր դրոշմապիտակի գինը, տնտեսվարողը վճարում էր, որը տարեվերջին կառավարությունը հետ էր տալու: Բայց դրան անմիջապես հետեւեց ապրանքի թանկացումները 20-30 դրամով: Այսօր ստացվում է, որ տնտեսությունը ստվերից դուրս է գալիս ոչ թե պետական վերահսկողության արդյունքում, այլ սպառողի հաշվին ու ի վնաս սպառողի»:

Մեր այն հարցին, հնարավոր չէ՞ այլ մեխանիզմ կիրառել ստվերի դեմ պայքարելու համար, որպեսզի սպառողը չտուժի, պարոն Պիպոյանն ասաց, որ ամբողջ աշխարհում, հատկապես գյուղմթերքների դեպքում, ի սկզբանե համապատասխան մարմինները ապրանքի համար սահմանում են իրատեսական գին. «Մեր երկրում ապրանքը տնտեսվարող սուբյեկտը թանկացնում է, ու ոչ ոք չի ասում ինչո՞ւ թանկացրեցիր: Եթե վերահսկվեր, արտադրողը չէր կարողանա թանկացնել 20 դրամով: Նախորդ փորձը ներկայացնեմ` տնտեսվարողը 2-3 դրամ վճարում էր դրոշմապիտակի համար, պետությունը այդ գումարը հետ է վերադարձնում, իսկ եթե հետ է վերադարձնում, դա չպիտի թանկանար, բայց թանկացան: Եթե նա ստիպված թանկացրեց, այն դեպքում, որ իր ծախսը պետությունը փակելու էր, ուրեմն ինքը խոստովանեց, որ ստվերում է աշխատել»:

Այսինքն, ըստ պարոն Պիպոյանի, տնտեսվարողը ստվերի հաշվին ստացած իր նախկին շահույթից չի կարողանում հրաժարվել, ուստի որպեսզի ստվերում ստացող շահույթը պահպանի, արդեն ոչ ստվերում աշխատելով, ապրանքն է թանկացրել: «Եթե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու կոնկրետ ոլորտը վերահսկող այլ մարմինների հետ համատեղ գրոհի ենթարկեն տնտեսվարողին` սպառողի հաշվին ստվերի փողը հետ բերելու համար, այդ դեպքում ոչ ոք ռիսկ չի անի թանկացնի: Տարօրինակն այն է, որ այլ տեղերում բացահայտ թալան կա, որի դեմ պայքարելու դեպքում ավելի էական գումարներ կբերեն պետբյուջե, բայց չգիտես ինչու այդ ուղղությամբ գործողություն չեն անում, այս դեպքում անում են: Կառավարության` ստվերի դեմ պայքարի այս մոտեցումը  կարող է սպառողի համար դրական լինի, բայց մինչ օրս նման բոլոր դեպքերում ի հաշիվ սպառողի է եղել, ոչ թե` տնտեսվարողի»,-ասաց սպառողների պաշտպանը:

Ինչպես ներկայացված է կառավարության որոշման մեջ, դրոշմապիտակավորվող ապրանքներն են կաթնամթերքի որոշ տեսակներ, թեյերի ու սուրճերի տեսակներ են, ձեթի տեսակներ, մարինացված մթերքներ, մազերի խնամքի միջոցներ, օճառ եւ այլն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Դրոշմապիտակավորվող ապրանքների ցանկը` ստորեւ

Կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման
Կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ
Կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ առանց դրանց
Սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկ­ների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչ­ներ` ցանկացած համամասնու­թյամբ սուրճ պարունակող
Թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց
Մատե, կամ պարագվայական թեյ
Սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ, ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության
Գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ, ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության
Ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիա­կան բաղադրության փոփո­խու­թյան
Արևածաղկի ձեթ
Եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ
Պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից
Պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարի­նիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկ­ներից
Պատրաստի կամ պահածոյացված խեցգետ­­նակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ
Բան­ջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացա­խաթթվի հավելմամբ
Լոլիկ­ներ (պոմիդոր) պատրաստված կամ պահա­ծոյացված առանց քացախի կամ քացա­խաթթվի
Սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման
Այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահա­ծոյացված առանց քացախի կամ քացա­խաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից
Այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահա­ծոյացված առանց քացախի կամ քացա­խաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերք­ներից
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշա­րակ ներծծած, շաքարահյութով պատած, շաքարահյութով եփած, շաքարած)
Ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգա­յին կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակ­ման արդյունքում, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավել­­մամբ
Մրգեր, ընկույզներ, և բույսերի ուտելի այլ մասեր պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրաց­նող նյութեր կամ սպիրտ պարու­նա­կող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշա­տակված կամ չներառված
Թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ և խտանյութեր, դրանց կամ թեյի, (պարագվայական թեյի) մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք
Պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո պարունակող կամ չպարունակող
Քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից
Կոս­մետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացա­ռությամբ դեղամիջոցներից), ներառ­յալ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ
Մազերի խնամքի միջոցներ
Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող` կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով, օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևու­­թային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուկների տեսքով՝ կշռա­բաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարու­նա­կող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբա­թաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծ­ված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով
Մակերևութային ակտիվ օրգանական նյու­թեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառ­յալ օժանդակ լվացող միջոցներ) և մաք­րող միջոցներ` օճառ պարունակող կամ չպա­րունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031