Նախարար Սամվել Թադեւոսյանը կառավարությունում հաշվետվություն ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին:
1. ՀՀ կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների շրջանակներում`
1) Հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել եւ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ: Սկսած 2012 թվականից ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Տվյալներն ափոփվել եւ ներկայացվել են կառավարություն:
2) ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկած շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել թվով 8 շինարարական նորմերի մշակումը: Նշված նորմերն առաջիկայում կներկայացվեն պետական գրանցման: Այս 2 գերակա խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է:
Կարդացեք նաև
3) Կառավարությունը դեկտեմբերի 26-ին հավանության է արժանացրել “Հայաստանում շենքերի սեյսմակայունության ապահովման” հայեցակարգին: Վերջինիս նպատակն է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել շենքերի սեյսմակայունության ապահովման համակարգված եւ արդյունավետ մոտեցումների եւ հիմնավորված գործողությունների համար:
2. ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում`
1) 2013 թ. դեկտեմբերին կառավարություն է ներկայացվել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է Երեւանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
2) ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանության է արժանացել “Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագիրը եւ ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումերի ժամանակացույցը”: Այս ռազմավարությամբ սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում:
3) Մշակվել է քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը, որով նախատեսվում է կարգավորել պետական բյուջեով իրականացվող շինարարության (շինմոնտաժային) գործունեության հետ կապված աշխատանքներից բխող ռիսկերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը:
3. 2013 թվականին աշխատանքներ են տարվել նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից բխող եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ:
Մասնավորապես`
1) Ավարտի են հասցվել թվով 10 հիմնանորոգվող դպրոցներ, թվով 2 նորակառույց` Գեղարքունիքի մարզի Վաղաշենի եւ Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 դպրոցները, ինչպես նաեւ 2009-2013 թթ. պետական բյուջեների հաշվին իրականացվող ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկի թվով 9 կիսակառույց բնակելի շենքերը:
2) Կառավարությունը հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարության կողմից լրամաշակված “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի նախագծին: Այն միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը:
3) Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ նախարարության մշակած “ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգը եւ համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույցը”: Համակարգի ներդրումն ուղղված է Doing Business ծրագրի շրջանակներում Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Էլեկտրոնային համակարգը նպաստելու է կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը, կրճատմանը եւ պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ Եւ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ