Նախորդ տարի Լոռու մարզում հրդեհների առաջացման վերաբերյալ գրանցվել է 215 ահազանգ: Այդ թիվը 2012 թվականին 436 է եղել:
Այդ մասին այսօր Լոռու մարզպետարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության «Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի 2013 թվականին Լոռու մարզում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ժամանակ ասաց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը:
Նա նշեց, որ գրանցված ահազանգերից հրդեհ է բռնկվել 189 դեպքում, 8 դեպքում ահազանգը կեղծ է եղել:
Կարդացեք նաև
«2013 թվականին առաջացած հրդեհները 2012 թվականի համեմատ նվազել են 228-ով: Տեղի ունեցած 189 հրդեհներից 65 դեպքը, կամ 34,4 տոկոսը եղել են անտառներում եւ խոտածածկ տարածքներում, որից 14-ը անտառային տարածքներում, 51-ը` խոտածածկ տարածքներում»,-ասաց Հրաչ Անտոնյանը:
Անդրադառնալով 2013 թվականին ձյան եւ մերկասառույցի պատճառով ճանապարհների դժվարանցանելիությանն ու խցանումներին` Լոռու մարզային փրկարարական վարչության պետը տեղեկացրեց, որ գրանցվել է 34 ահազանգ:
«Բացի մեր ավտոմեքենաները` ներգրավել ենք նաեւ անհատ քաղաքացիների եւ համայնքների տրանսպորտային միջոցներ, օգնություն ենք ցուցաբերել հարյուրավոր քաղաքացիների»,-ասաց Հրաչ Անտոնյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ