Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակի մասին չի կարելի վատ բան ասել». Դուշման Վարդանի քույր

Հունվար 23,2014 17:30

«Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով հերոսաբար ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր բանակը հզոր է և պատրաստ դիմակայելու ցանկացած հարձակման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:

«Կրակոցներ միշտ էլ լինում են սահմանում,- ասում է նա,- բայց սա մտածված հարձակում էր, որի մասին մեր տղաները չգիտեին: Նրանք մտածել են, որ դա արդեն սովորական դարձած հերթական հրաձգությունն է: Բայց տեսեք, թե մեր զորքն ինչքան պատրաստ է, մեր զինվորներն ինչքան են գիտակցում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, որ կարողացել են հետ մղել գիշերվա այդ անակնկալ հարձակումը»:

Դուշման Վարդանի քույրը՝ Արմենուհի Ստեփանյանը, որը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, ասում է, որ վերջին մի քանի օրերի իր դասերը սկսվում և ավարտվում են  Արմեն Հովհաննիսյանի սխրանքի մասին զրույցներով: «Ինձ հետաքրքրում է, թե երեխաներս ինչ են մտածում այդ մասին,- ասում է նա:- Արմեն Հովհաննիսյանը մեզ համար աչալրջության, զգոնության մեկ դաս էր: Նա իր կյանքի գնով մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, որ մեր տղաները աչալուրջ հետևում են սահմանին»:

Արմենուհի Ստեփանյանը դժվարացավ ցավակցական խոսքեր ասել Արմենի ընտանիքին, «որովհետև սա այն ցավը չէ, որ կարողանաս կիսել, մխիթարել: Բնության մեջ մեծ խախտում է, երբ մայրն է հողին հանձնում զավակին: Բայց երբ վիշտը հպարտությամբ է շաղախված, կարողանում ես ապրել: Ես արդեն 22-23 տարի կրում եմ իմ մեջ այդ հպարտությունն ու վիշտը, բայց եթե այն ժամանակ ես քույր էի, հիմա մայր եմ ու նայելով այս երեխաներին՝ հասկանում եմ, որ պատերազմը հասավ նաև մեր երեխաներին, այսինքն՝ հայի ճակատագիր է՝ ուզում ես խաղաղ ապրել, պատրաստ եղիր պատերազմի»,- ասում է Ա. Ստեփանյանը:

Հարց-դիտարկմանը, թե ամեն անգամ նման դիվերսիոն գործողություններից հետո ՀՀ ՊՆ-ն վստահեցնում է, որ այդ ամենն անպատասխան չի մնա, պատժիչ գործողություններ կիրականցվեն և այլն: Հնարավոր չէ՞ արդյոք թույլատրելի ինֆորմացիայի չափով իրազեկել հասարակությանն այդ պատիժների մասին, որպեսզի հասարակության մեջ էլ ամրապնդվի հավատը, թե, իրոք, թշնամին պատժվում է, Ա. Ստեփանյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ հակահարված անպայման լինում է: Այս դեպքերն էլ են դա ապացուցում: Ինչո՞ւ է թշնամին հիմա, խուճապի մեջ ընկած, ամբողջ սահմանամերձ գոտիներով կրակահերթ բացում, որովհետև վախենում է, որ պատասխան անպայման լինելու է: Պարզապես, պետք չէ անտեսել «պետական գաղտնիք» հասկացությունը: Մենք շատ ենք մեր ներքին խոհանոցը բացահայտում ու դրանով հնարավորություն տալիս թշնամուն մեզ ուսումնասիրելու: Բանակի մասին չի կարելի մեկ վատ բառ անգամ ասել: Մարդն ինչպե՞ս կարող է իր երեխայի մասին վատ բաներ խոսել: Բանակն էլ այս ժողովրդի երեխան է: Մինչդեռ, համացանցն այնպես ենք ողողում մեր դժգոհություններով, որ տպավորություն է, թե մեր տղաները չեն ուզում պաշտպանել իրենց երկիրը: Այդպիսի բան չկա»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031