Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին դիվերսիոն զարգացումներից հետո, երբ զոհվեց 19-ամյա հայ սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, հայ հաքերները մեկ գիշեր անց շուրջ 13 ադրբեջանական կայք կոտրեցին, ինչը յուրօրինակ պատասխան էր հայկական սահմանին զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելու փաստին: «Կոտրված» ադրբեջանական կայքերի վրա հայ հաքերները զոհված սերժանտի նկարն էին տեղադրել:
Այս քայլի նպատակահարմարության և այն բանի մասին, թե հաքերային այս հարձակումը կարո՞ղ է սահմանում լարվածություն առաջացնել, քաղաքագետ Լևոն Մելիք– Շահնազարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեր ներքին կյանքը և այլն, ադրբեջանցիներին քիչ է հետաքրքրում: Նրանց շատ ավելի հետաքրքրում է իրենց հերթական երգչուհին ում հետ ամուսնացավ, քան Հայաստանում ինչ է կատարվում: Այդ հաքերային հարձակումը անիմաստ բան է: Եթե հոգու հանգստություն է բերում՝ թող անեն: Ես հաքերներին կօգտագործեի շատ ավելի լուրջ նպատակների համար: Այնտեղ ատելության մակարդակը այնքան բարձր է, որ մեր ոչ մի քայլ չի կարող նվազեցնել այդ ատելությունը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց` նման հաքերային գործողությունները վտանգ պարունակո՞ւմ են, որ լարվածությունը կավելանա: Պարոն Մելիքյանը պատասխանեց. «Առհասարակ շատ բարդ հարաբերություններ են, և պատերազմի պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է: Երբ մի կողմը սադրիչ գործողություններ է իրականացնում, մյուս կողմն ինչ հնարավորություն ունի պիտի ներգործություն ունենա: Սա փաստորեն լարվածության նոր փուլ էր: Այս պայմաններում ամեն կողմ իր ճաշակով ու հնարավորությունների սահմաններում աշխատում է պատասխան գործողություններ անել: Հայկական կողմը գուցե ուզում է հակառակորդի գործողությունները զսպել: Բայց հաքերային գործողության մեծ անհրաժեշտություն դժվար թե կար: Ամեն մի գործողության համարժեք պատասխան է պետք տալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ