Երեկ` սույն թվականի հունվարի 22-ին, մի խումբ ադրբեջանցիներ փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի և Արցախի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը:
Ծրագրավորված սադրանքն ուղեկցվել է ռասիստական կոչերով:
Դեպքի իրազեկմամբ անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել անկարգ խմբավորման կարգի բերման ուղղությամբ, և ոստիկանների կողմից սադրանքի մասնակիցները դուրս են բերվել ցուցահանդեսի տարածքից:
Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը ներկայումս շարունակում է իր մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին: Տաղավարը հագեցած է Հայաստանի ու Արցախի մասին պատմող գովազդային նյութերով և քարտեզներով և ինչպես միշտ մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:
Հայաստանի ազգային մրցունակությունը շարունակելու է միջազգային բոլոր հնարավոր հարթակներում հայկական աշխարհի զբոսաշրջային արդյունքների խթանման և միջազգային ճանաչելիության բարձրացմանն ուղղված իր գործունեությունը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ