«2013-ին ԶԼՄ-ները շատ ավելի անբարենպաստ պայմաններում աշխատեցին, քան 2012-ին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա ներկայացրեց 2013-ի տարեկան զեկույցը ու նշեց մի շարք մտահոգիչ փաստեր. «2013-ը մտահոգիչ էր այն առումով, որ ավելացան ընդդեմ ԶԼՄ-ների դատական գործերը: 24 նոր գործ՝ նախորդ տարվա 17-ի փոխարեն: Գրանցվել է 77 դեպք, երբ խախտվել են լրագրողների իրավունքները, նախորդ տարվա 64-ի փոխարեն: 2013-ին գրանցվեց 10 ֆիզիկական բռնության դեպք, նախորդ տարվա 4-ի փոխարեն: Աճել են նաև լրագրողների նկատմամբ ճնշումները. 2013-ին գրանցվել է 57 դեպք, 2012-ի 37-ի փոխարեն»:
Պարոն Մելիքյանն ասաց, որ լրագրողների դեմ ճնշումների իրական թիվը շատ ավելին է, քան արձանագրվածն է ու դա պատճառաբանեց այն հանգամանքով, որ լրագրողները երբեմն անտեսում են և փորձում են սեփական ուժերով հաղթահարել այդ հարցերը:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցումը չի՞ վատթարացնի խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության բնագավառում առանց այդ էլ անբարենպաստ վիճակը, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Մաքսային միությունը՝ որպես այդպիսին, պետք է որ չազդի այդ գործընթացների վրա, քանի որ ավելի շատ տեսական ֆինանսական ոլորտներին պետք է առնչություններ ունենանք: Բայց այն երկրները, որոնք Մաքսային միության անդամ են, նրանց մոտ գոյություն ունեցող իրավիճակը կարող է ՀՀ-ի վրա ազդեցություն թողնել: Նկատի ունեմ այն բարքերը, որ գործում են այդ երկրներում, քաղաքական էլիտայի մեջ: Լավ կլիներ, որ այստեղ մնացած երկրները, ովքեր մասնակցում են Մաքսային միության գործընթացներին, իրենք օրինակ պիտի վերցնեն Հայաստանից, իսկ Հայաստանը՝ մերձբալթյան երկրներից»:
Պարոն Մելիքյանն անդրադարձավ նաև Տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ լրագրողների՝ մասնագիտական գործունեության խոչընդոտմանն ու ասաց. «Բավականին կազմակերպված ձևով ուսանողներին ներգրավել էին կեղտոտ ու լկտի գործողությունների մեջ: Լրագրողներին չէին թույլ տալիս, որ մասնակցեն ըստ էության բաց համարվող՝ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը: Կարծում եմ, որ դա պետք է արժանի գնահատականի և հետևանքների հանգեցներ: Մենք կոչ էիք անում, որ Տարոն Մարգարյանը բացատրություններ տա, որ ԿԳ նախարարը քննի ռեկտորի՝ պաշտոնի համատեղելիության հարցը, նաև իրավապահ մարմիններին կոչ էինք անում, որ այդ գործողությունները ստանան ըստ արժանվույն պատասխանատվություն»: Շարունակելով թեման՝ պարոն Մելիքյանն ասաց. «Մենք չտեսանք, որ ոստիկանությունը այդ ակնհայտ լկտի գործողություններին համարժեք գնահատական տա: Սա լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դասական ու լկտի օրինակ է: Եթե այդտեղ անաչառ լինեին իրավապահները, եթե իրենց բարձրության վրա գտնվեին, պիտի լրագրողների հասցեին վիրավորանքներ հնչեցնող ուսանողներին պատասխանատվության ենթարկեին: Այս դեպքի Տարոն Մարգարյանի բացատրությունը քիչ էր համոզիչ հանրության համար: Այս երիտասարդների համար, որոնք հետագայում քաղաքականության ոլորտ են մուտք գործելու, դաս կլինի, որ կարելի է լրագրողի հետ այդպես վարվել ու ուղղակի ներողություն խնդրելով ամեն ինչ ավարտել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ո՞վ ես դու, պարոն Միքայելյան, ո՞վ է քեզ աշխատավարձ վճարում, ո՞վ է քեզ պատվիրում “տարեկան զեկույցներ”:
Քո հասարակական ելույթը սկսի դրանից: