Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Կառավարության համար մշակութային ժառանգությունը վերջին տեղում է»

Հունվար 23,2014 15:28

Քանի որ վերջին շրջանում կրկին թեժացել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու թեման, Aravot.am- ը ճարտարապետ Սարհատ Պետրոսյանից կարծիք հարցրեց՝ ինչո՞ւ պետք է պահպանել շենքը, եւ արդյոք քանդելը միակ ճիշտ ճանապա՞րհն է:

«Կարծում եմ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի արժեքի ու կարևորության մասին խոսելու կարիք չկա։ 2012-ին Վիեննայում տեղի ունեցած Խորհրդային մոդեռնիզմի կոնգրեսի շրջանակներում (որին ես էլ էի մասնակցում Հայաստանից) դրա ներառումն արդեն խոսում է ոչ միայն հայկական, այլև առհասարակ համաշխարհային համատեքստում դրա կարևորության մասին։ Ինչ վերաբերում է ստեղծված վիճակին, ապա այն ի տարբերություն Ծածկած շուկայի կամ նման այլ հակամշակութային իրավիճակների, ունի մի քանի տարբերություն՝ հուշարձանի կարգավիճակ չունենալը (իսկ մեր իրականությունում հուշարձանների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք կա), դրա վերօգտագործման նպատակահարմար չլինելու փաստը ու առհասարակ վերօգտագործման անհասկանալի հնարավորությունները՝ իր չափսերի ու տեղի պատճառով։ Միակ, այսպես ասած՝ «բռնվելու» փաստը կարող էր լինել դրա սեփականության ձևը՝ պետական սեփականություն լինելը։ Այս իրավիճակում պետությունը կարող էր հանդիսանալ դրա պահպանության երաշխավորը, սակայն, կարծում եմ, բոլորիս պարզ է, որ ներկա կառավարությունը կարիք չունի մեկ անգամ էլ ապացուցելու, որ մշակութային ժառանգությունը իր համար վերջին տեղերում է։ Այստեղ միակ հույսը, որ կարող ենք փայփայել, դա Էդուարդո Էռնեկյանի անձնական լայնախոհությունն է, որի շնորհիվ գոնե այս պահին կարելի է ասել՝ արտաքին գործերի նախարարության շենքը Ծածկած շուկայի պես վանդալիզմի չի ենթարկվի։ Հաշվի առնելով այս ամենը՝ այս շենքի պահպանության ջատագովները պետք է այլընտրանքային լուծումներ որոնեն շենքի վերօգտագործման համար: Նրանք հույսները պետք է դնեն ոչ թե պետական մարմինների (այսօրվա կառավարության նիստը ևս մեկ անգամ դա ապացուցում է) վրա, այլ Էռնեկյանին նոր գաղափարներ ներկայացնեն»,-պատասխանեց Սարհատ Պետրոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031