«Երկար տարիներ խոսվում է այն մասին, որ հայկական բուհերը չեն ընդգրկվում համաշխարհային բուհական վարկանիշավորման համակարգի մեջ: Այդ խնդիրն ունեն աշխարհի տարբեր երկրների բուհեր, որոնք չեն չափվում միջազգային տարածված կրթական վարկանիշներով և անցել են սեփական ազգային վարկանիշավորման համակարգերի մշակմանը: Հայաստանն այստեղ նույնպես բացառություն չէ»,- այսօր ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի ստեղծումը սոսկ միջազգային զարգացումներին հետևելու միտում չունի: «Հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ մեզանում, այնուամենայնիվ, շատ կարևոր է այն տեղեկատվությունը, որով մենք կարող ենք վստահելի, օբյեկտիվ ձևով չափել բուհերի կողմից մատուցվող կրթության որակը, երիտասարդ կադրերի պահանջարկը աշխատաշուկայում և, միաժամանակ, ծնողներին, ուսանողներին, գործատուներին, և ընդհանրապես հասարակությանը մատուցել արժանահավատ տեղեկատվություն այն մասին, թե ինչպիսին է այսօր այս կամ այն բուհում կրթական գործընթացի կազմակերպումը»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նկատենք, որ առաջարկվող վարկանիշավորման մեթոդաբանությունը փորձարկման փուլում է և ենթակա է փոփոխությունների` ավելի ճկուն և հուսալի ցուցանիշների համախումբ ու մեթոդաբանություն ունենալու համար, որոնք հնարավոր կլինի կիրառել բարեփոխումների արդյունքում փոփոխված բուհական համակարգի նկատմամբ: «Մենք այս տարվա վարկանիշն անվանում ենք փորձնական, որովհետև այն մեթոդաբանությունը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ չափանիշներ և ունի միջազգային ակունքներ, որոնք տեղայնացվել են Հայաստանում, այնուհանդերձ, մեկ տարվա ընթացքում վերամշակման կարիք ունի, որպեսզի ստեղծվի այնպիսի մի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի Հայաստանի բուհական համակարգի այսօրը»,- պարզաբանեց նախարարը և ասաց, որ 2015 թվականին կներկայացնեն արդեն վերջնական ազգային վարկանիշավորման համակարգի համապատասխան մեթոդաբանությունը և տեսքը:
Ա. Աշոտյանը կարծում է, որ այս փորձն արդեն իսկ հաջողված է, թեպետ կանխազգում է, որ այս մեթոդաբանությունն ու նրա արդյունքները բուռն քննարկումների առիթ կտան: «Մենք շնորհակալ կլինենք բոլոր մասնագիտական կարծիքների համար, որոնք մեզ կօգնեն այս համակարգն ուղղել և դարձնել առավել արժանահավատ: Ուզում եմ հատուկ շեշտել, որ վարկանիշի վրա մեծ ազդեցություն են ունեցել սոցիոլոգիական հարցումները, որոնք արվել են հատկապես գործատուների շրջանում, որպեսզի հասկանանք բուհ-աշխատաշուկա կապի այսօրվա խնդիրները, և թե որ բուհերն են ամենասպասվածը աշխատաշուկայում»,- ասաց ԿԳ նախարարը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ