Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է՝ մեքենաների քանակի աճին զուգընթաց

Հունվար 23,2014 15:00

Հունվարի ընդամենը 22 օրերի ընթացքում արդեն Հայաստանում գրանցվել է 142 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որի արդյունքում 217 վիրավոր եւ 14 զոհ կա: Թեեւ 22 օրվա համար 14 զոհը լուրջ թիվ է, սակայն նախորդ տարվա համեմատ վեցով պակաս է: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Ամփոփելով 2013թ-ը, պարոն Սարգսյանն ասաց, որ տարվա ընթացքում գրանցվել է 2824 պատահար, որի արդյունքում զոհվել է 316, 3994 մարդ մարմնական վնասվածք է ստացել:

Երեւանում, չնայած պատահարների թիվը նույնպես աճել է, մահվան դեպքերը երկուսով պակասել են: Դա պարոն Սարգսյանը սա կապում է արագաչափերի եւ տեսախցիկների գոյության հետ, քանի որ մահվան ելքեր լինում են հիմնականում բարձր արագության պարագայում:

Պարոն Սարգսյանի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ աճել է նաեւ անսթափ վիճակում հայտնաբերված վարորդների թիվը: Եթե 2012-ին գրանցվել էր 1477 անսթափության դեպք, ապա նախորդ տարի՝ 2745: Գնդապետ Սարգսյանն այս բոլոր աճերը պայմանավորում է ինչպես մեքենաների քանակի կտրուկ՝ գրեթե կրկնակի աճով, այնպես էլ՝ խախտումները գրանցելու հաճախականությամբ:

Ի դեպ, նախորդ տարի, ՃՈ ոստիկանները եւ արագաչափ ու տեսանկարահանող սարքերը միասին արձանագրել են ավելի քան 1,2 մլն խախտում:

Գնդապետը ներկայացրեց նաեւ երեխաների մասնակցությամբ ՃՏՊ-ների քանակը: Նախորդ տարի դրանք կազմել են 303, եւ դրանց կեսը՝ 154-ը, հետիոտների վրաերթի դեպքեր են: Այս պարագայում պարոն Սարգսյանը խիստ կարեւորում է, որ դպրոցներում եւ ընտանիքներում երեխաների շրջանում բացատրողական աշխատանք տարվի: Այնինչ հաճախ տեսնում ենք հակառակը՝ մայրը, տատիկը, հայրը երեխայի ձեռքը բռնած անցնում են կարմիր լույսի տակով՝ ի՞նչ պետք է սովորի այդ երեխան, եւ ո՞վ կկրի նրա հետ պատահած դեպքի պատասխանատվության գոնե մի մասը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031