Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

25 կիլոգրամ է կորցրել, հայտնվել է դրսում, իսկ պետությունը չի հատուցել միլիոնների հասնող դրամը

Հունվար 23,2014 14:05

Խմբագրություն եկած Գագիկ Սարգսյանին ճանաչում է ՀՀ ողջ դատական համակարգը, քանի որ նա 2005թ.-ից առնչվել է ընդհանուր իրավասության երեք ատյանների, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: Իրացման գոտում (Ամիրյան փողոցում) գտնվող Գագիկ Սարգսյանի անշարժ գույքը նրանից օտարել են՝ առանց փոխհատուցման, առանց պատշաճ իրավական ձեւակերպումների, հիմքերի: «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրախորհրդի անդամ պետություն 2002թ.-ից, որը ընդունել եւ վավերացրել է Մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար սկզբունքների մասին եվրոպական կոնվենցիան, սակայն իր վրա վերցրած պարտավորությունները՝ որպես Եվրախորհրդի անդամ, չի կատարում: Ես զարմանում եմ Եվրախորհրդի անդամ պետությունների վրա, որոնք հանդուրժում եւ հովանավորում են, նյութապես աջակցում, ներում, սակայն տուժում ենք մենք՝ ՀՀ-ում ապրող քաղաքացիները»,- ասում է Գ. Սարգսյանը:

Ըստ նրա՝ իրենցից գողացած սեփականության, անշարժ գույքի, հողի, հանրային տարածքների վրա, որի համասեփականատերերն են հանդիսանում քաղաքացիները, պետության կողմից կառուցվում են էլիտար շենքեր եւ շինություններ: «Երեւան քաղաքում էլիտար շենքերն այնքան շատ են՝ կառուցված 2002-20013թթ., որ գերազանցում է 2 մլն քմ-ն: Օգտագործած տարածքը բազմապատկելով էլիտար շենքերի միայն առաջին հարկի արժեքով, ստացվում է, որ 1 քմ-ի արժեքը կազմում է 10 հազար ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ 2 մլն քմ-ի արժեքը 20 մլրդ դոլար է: Ունենալով 20 մլրդ ԱՄՆ դոլար, պետությունը պարտք է վերցնում այլ պետությունների հարկատուների հաշվին 2 մլրդ ԱՄՆ դոլար՝ խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիան՝ պայքար միջազգային ճգնաժամի դեմ»,- ասում է Գ. Սարգսյանը: Ըստ նրա՝ պետական բյուջե որեւէ գումար չի մտել եւ այդ գործողություններից տուժել են հասարակ քաղաքացիները, քանի որ պետությունը գողացել է նրանց անշարժ սեփականությունը, ոչնչացրել շարժական ունեցվածքը, նրանց զրկել անձնական ունեցվածքից, ժառանգություն ընդունելու իրավունքից, աշխատանքից: «ՀՀ դատարաններում զրկված եմ դատական պաշտպանությունից ամբողջությամբ, դարձել եմ զոհ Եվրոպական կոնվենցիայի: Պետական կարիքի անվան տակ ՀՀ նախկին նախագահ Քոչարյանը իր հրամանագրով յուրացրեց մեր սեփականություն հողն ամբողջությամբ: Ինձ վրա չէր տարածվում, քանի որ ես դատի էի մտել նախքան ՀՀ կառավարության 17.07.2004թ. 909-Ն որոշումը, սակայն ես չէի իմանում, որ ՀՀ նախագահի հրամանագիրը հետադարձ ուժ ունի ժամանակային առումով: Ես հայցով մտել էի դատարան 2004թ. ապրիլի սկզբին: Արհեստական խոչընդոտներ ստեղծվում էր ՀՀ գործադիր իշխանության կողմից, որը պահել էր 1997թ. իմ սեփականության փաստաթղթերը (Հայկոոպի վարչության բնակբաժնում) եւ ակտով հանձնվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ թաղապետարան: Դատարանում հայտարարվում էր, որ փաստաթղթերն այրվել են: 2009թ. հունվարին հայտնաբերվեց Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացնող գրասենյակի մոտից տնային գրքերը՝ հին ու նոր, որը արհամարհվեց դատարանում, նույնիսկ դատարան չհրավիրվեցին վկաները»,- ասում է Գ. Սարգսյանը: Նա հղում է անում Սահմանադրական դատարանի մի շարք որոշումների՝ 630, 690, 691, 701, 674, 652, 943, նաեւ ասում, որ ՍԴ-ն կրկնակի ստանդարտներով է գործում, ի շահ կառավարության, այլ ոչ թե պետության, եւ նրա մեղքով է, որ 9 տարի շարունակ խոշտանգումների է ենթարկվել:

Այն դեպքում, երբ 2006թ. ապրիլի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր 630 որոշումով հաստատել էր, որ պետական կարիք չկա, այլ կա մի շարք չինովնիկների համար գերշահույթ:

Գագիկ Սարգսյանը դիմել էր տարբեր ատյանների, նաեւ հայտարարելով, որ մինչ Երեւան քաղաքի ԾԻԳ-ը կմտներ դատարան, ՀՀ կառավարությունն ընտրել էր այլ ճանապարհ: «Այլ ճանապարհ էր ընտրված՝ սպանել մեզ: Մորս՝ Արմենուհի Ղազարի Սարգսյանին սպանել են 2010թ. ապրիլի 6-ին, մայրս մահացել է գլխին հասցված վնասվածքներից: Ինձ ենթարկել են նվաստացման, ստրկացման, խոշտանգումների՝ իրենց գերշահույթն ապահովելու համար: Զրկվել եմ սեփական բնակարանից, հողս յուրացվել է նախկին եւ ներկա նախագահների կողմից: Ունեցվածքիս մի մասը տարել են ԴԱՀԿ աշխատակիցները, մի մասը ոչնչացվել է Մելիք Գասպարյանի եւ նրա աշխատողների կողմից»,- ասում է Գ. Սարգսյանը, որը ներկայումս նպաստ չի ստանում, թոշակ չի ստանում, չի կարողանում ընդունել իր ժառանգությունը, իսկ սովից կորցրել է 25 կգ քաշ, ուշագնաց է լինում փողոցում:
Ըստ «Առավոտին» դիմած Գագիկ Սարգսյանի, 1 քմ-ի արժեքը վերոնշյալ տարածքում կազմել է 10.000 ԱՄՆ դոլար: Անշարժ գույքի, մեքենասարքավորումների, տրանսպորտային միջոցների գնահատում «Շեն» գնահատման կենտրոնի գնահատող Ա. Մարտիրոսյանի 2007թ. նոյեմբերի 19-ի տեղեկանքի համաձայն՝ «Երեւան քաղաքի Հյուսիսային, Գլխավոր եւ Մաշտոցի պողոտաներում կառուցված նորակառույց բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում առեւտրային կամ հասարակական տարածքների 1քմ-ի շուկայական արժեքը տատանվում է 7-10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում, իսկ 2-րդ եւ բարձր հարկերում գրասենյակային տարածքների 1 քմ-ի շուկայական արժեքը տատանվում է 3-5 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում»:

Գագիկ Սարգսյանը մտադիր է գործն ամբողջությամբ ուղարկել Եվրախորհրդի նախարարների խորհրդին: Քանի որ, ըստ նրա, ապացուցված է, որ պետությունը «պարտք» է 135 միլիոն դոլար, մինչդեռ, պետությունը գնահատել էր Սարգսյանի գույքը 7 միլիոն 80 հազար դրամ:

Այն հարցին, թե ի՞նչ հաշվարկով է պետությունից այդքան գումար ակնկալում, Գ. Սարգսյանն ասում է. «Կենտրոնական բանկի տրված որոշումներով, ըստ ամսական տոկոսների, եւ Քաղօրենսգրքի 411 հոդվածի համաձայն, որպես նախկին գործարարի, խոչընդոտել են բիզնեսին, ոչնչացված գույքի արժեքի համաձայն էլ պետությունը պետք է փոխհատուցեր իմ վնասը»:

Գ. Սարգսյանը 12 օր հացադուլ էր հայտարարել ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի դիմաց:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031