2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ և ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի`վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները: Կառլեն Ղազարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին ու այսուհետ էլ հնարավորին չափով սատարելու է:
Սակայն ոչ բոլոր դեպքերում է կատարված աշխատանքների որակը գոհացնում բնակիչներին`հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Պահանջ է դրվել առավելագույն կարճ ժամկետում արձագանքել բնակիչների`թեժ գծով կամ անմիջականորեն բարձրացված խնդիրներին և դրանց տալ հիմնավոր լուծումներ`միաժամանակ ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, տարվա այս շրջանում ու հատկապես տեղումների օրերին ոչ բոլոր համատիրություններն են աջակցում ձնամաքրմանն ու շքապատշգամբներից կախված սառցալեզվակների հեռացմանը կամ դա թերի են կատարում: Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի, այսուհետ իրենց պարտականություններում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության`ընդհուպ մինչև պաշտոնավարման նպատակահարմարության քննարկումը: Բացի այդ, պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կկազմակերպվեն անակնկալ ստուգայցեր: Մինչ այդ առանձին ուղղություններով թերացած համատիրությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և բացթողումները շտկելու ժամկետներ: Լսելով ներկաների կարծիքները՝ Կառլեն Ղազարյանը ևս մեկ անգամ նշել է, որ 2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն