Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով (քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս): Մեղադրանքի համաձայն` տնօրեն Նազիկ Մարտիրոսյանը, որպես պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գեւորգյանին եւ առանց քոլեջի դասերի մասնակցության՝ կազմել ու 2013թ-ին նրան է հանձնել Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ: Պարզվում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործում է կարգ, ըստ որի` Նազիկ Մարտիրոսյանի ղեկավարած քոլեջի հիշյալ դիպլոմով եւ տնօրենի հատուկ երաշխավորագրով հնարավոր է առանց ընդունելության քննություններ հանձնելու` անմիջապես ընդունվել համալսարանի 2-րդ կուրս: Հենց այս կարգից չարամտորեն օգտվելու նպատակով էլ, ըստ մեղադրանքի` քոլեջի տնօրենն Ասատուր Գեւորգյանին տվել է դիպլոմն ու համապատասխան երաշխավորագիրը:
Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործն ուղարկվել էր Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանում տնօրեն Նազիկ Մարտիրոսյանն իր մեղքն ընդունել է ամբողջությամբ եւ միջնորդել կիրառել արագացված դատաքննություն: Միջնորդությանը չի առարկել մեղադրողը, եւ դատարանը բավարարել է այն: Դատարանը կողմերին ժամանակ է տվել իրենց ճառերը նախապատրաստելու համար, ինչը նշանակում է, որ հաջորդ դատական նիստում պետք է ավարտվի այս գործի դատաքննությունը, եւ դատարանը պետք է սահմանի պատիժ:
Այն դեպքերում, երբ մեղադրյալն ընդունում է մեղքն ամբողջությամբ եւ դատարանը կիրառում է արագացված դատաքննության կարգ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Դա նշանակում է, որ Նազիկ Մարտիրոսյանին սպասվում է մինչեւ 3 տարի ազատազրկում:
Նազիկ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ