Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դա ոչ միայն կապիկություն էր, այլեւ լկտիություն». Թուրքագետը՝ թուրք ազգայնամոլի արարքի մասին

Հունվար 23,2014 13:40

Օրերս սոցիալական ցանցերում թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստով Հայաստանի տեսարժան վայրերում, ինչպես նաեւ վարչապետի, կաթողիկոսի եւ այլ հայերի հետ լուսանկարները բուռն քննարկման թեմա են դարձել սոցիալական ցանցերում եւ լրատվական կայքերում:

Այսօր՝ հունվարի 23-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանը ներկայացրեց, թե ինչպես է ծանոթացել թուրք ազգայնամոլի հետ. Հասան Օքթայը սոցիալական ցանցերում տարածել էր նաեւ իր լուսանկարը Հակոբ Չաքրյանի հետ եւ նշել, որ ընկերոջ հետ է լուսանկարվել:

Պարոն Չաքրյանը նշեց, որ թուրք ազգայնամոլի հետ ծանոթացել է հինգ-վեց տարի առաջ: «Ընկերոջ մասին խոսելն ավելորդ է, ի՞նչ ընկեր նա ինձ: Ֆեյսբուք էլ չունեմ, որ կապ հաստատեմ»,- ասաց նա: Թուրքագետը պատմեց, որ Հասան Օքթայը Հայաստան վերջին այցի ժամանակ զանգել էր իրեն, ասել, որ ցանկանում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացել, խնդրել էր իմանալ՝ ի՞նչ պայմաններով է հնարավոր: «Զանգեցի արտգործնախարարությանը, ամսի 20-ին էր, իրենք արդեն գիտեին, հարցրեցի՝ ի՞նչ պայմաններով է հնարավոր, ասացին՝ պայմանով, որ Անկարայում էլ հայկական գործակալություն բացվի եւ հայ թղթակից ունենա»:

Պարոն Չաքրյանը հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ են որոշել հենց Հայաստանում ստեղծել գործակալության գրասենյակը, Արտաքին կապերի խմբագիր Օգյուն Դուրուն ասել էր, որ նման գործակալություն ունեն նաեւ Վրաստանում, բայց ակտիվ չէ: Ըստ թուրք ազգայնամոլի՝ թուրքական գործակալության համար աշխատող թղթակիցը պետք է հայաստանցի լինի, ով կկարողանա գրել անգլերեն պաշտոնական տեղեկատվություն եւ վերլուծություններ:

Պարոն Չաքրյանը թուրքական լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակ բացելը մի փոքր անիրատեսական է համարում, ասում է, որ Թուրքիայում չեն ընդունի մեր պայմանները:

Իսկ Հայաստանում նկարված լուսանկարների սոցիալական ցանցերում տարածման մասին ասաց. «Դա ոչ միայն կապիկություն էր, այլեւ լկտիություն»: Պարոն Չաքրյանը միեւնույն ժամանակ չի անհանգստանում այդ քայլից, ասում է՝ պարզապես ուզում է իրեն կարեւորել, ոչ մի լուրջ քայլ դրան չի հետեւում:

Ըստ պարոն Չաքրյանի՝ վարչապետի եւ վեհափառի հետ թուրք ազգայնամոլը հանդիպմանը չէր լուսանկարվել. «Վեհափառն ու վարչապետը նրա հետ չեն նկարվել, կարծեմ մի միջոցառման ժամանակ, գնացել, կպել, նկարվել է»:

Պարոն Չաքրյանը չի խուսափի մյուս անգամ էլ հանդիպել Հասան Օքթայի հետ, որովհետեւ չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե վախենում է նրանից: «Պիտի գնա Թուրքիա ասի, հայերը Երեւանում վախենում են թուրքերից»,- ասում է պարոն Չաքրյանը: Կարծում է՝ թուրք ազգայնամոլն իր վերջին քայլերով վնաս է հասցրել «Անադոլու» գործակալությանը եւ նաեւ զայրացրել է ադրբեջանցիներին:

Հիշեցնենք, որ Ankakh.am կայքը օրերս հրապարակել էր, որ Հասան Օքթայը Հայաստանում է, եւ բազմիցս եղել է այստեղ, իսկ 2010-ի այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել անգամ ՀՀ վարչապետի և կաթողիկոսի հետ: Այս անգամ Օքթայն այլ թուրք գործիչների հետ Երևանում է` այստեղ «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացելու նպատակով:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031