Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտության ոլորտի ատենախոսություններն անորակ են

Հունվար 23,2014 13:45

ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանի համոզմամբ,
մեղավորը մասնագիտական խորհուրդներն են

Անցյալ տարվա հուլիսից Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել տարբեր բնագավառների 39 աշխատանք (ներառյալ երեք դոկտորական ատենախոսություն), ընդ որում՝ մեծ թիվ են կազմում տնտեսագիտության ոլորտին վերաբերող անորակ աշխատանքները: «Առավոտի» հետ զրույցում ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը հայտնեց, որ հունվարի 21-ին կայացել է ԲՈՀ-ի խորհրդի նիստը, որտեղ որոշում է կայացվել եւս 10 աշխատանք վերադարձնելու վերաբերյալ: 10-ից 6-ը դարձյալ տնտեսագիտության ոլորտից են եղել, մեկը՝ կրկին դոկտորական աշխատանք:

Հետաքրքրվեցինք` ինչն է պատճառը, որ վերջին շրջանում տնտեսագիտության ոլորտի ատենախոսությունները «կաղում» են: Ատոմ Մխիթարյանի խոսքով, մեղքը ԵՊՀ 015 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհուրդներինն է: «Երկուսից էլ աշխատանքներն ամենաշատն է ԲՈՀ-ի կողմից հետ վերադարձվում: Երեկ խորհրդի նիստում էլ հարցը քննարկվեց, մտածում ենք, թե ինչ վերաբերմունք ԲՈՀ-ն արտահայտի այդ մասնագիտական խորհուրդների հանդեպ: Հնարավոր է նաեւ լուծարում»,- ասաց ԲՈՀ-ի նախագահի տեղակալը:
«Առավոտը» հարցրեց՝ ինչ է արվում ԲՈՀ-ում, որպեսզի պաշտոնյաների «գիտնականացումը» զսպվի, ինչպես դա արվում է, օրինակ, ՌԴ-ում:

Մեր զրուցակիցը պատասխանեց, որ համապատասխան մեխանիզմներ են մշակվում, ուսումնասիրվում է նաեւ ռուսական փորձը. «ԲՈՀ-ում բարեփոխումներ են սկսվել, որոնք ընդգրկելու են ամեն ինչ՝ մասնագիտական խորհուրդների կազմավորման կարգից մինչեւ Ձեր նշած հարցը: Հնարավորինս «կսահմանափակվեն» պետական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները, որոնք ցանկանում են իրենց մասնագիտությունից դուրս պաշտպանել»:
Պարոն Մխիթարյանին խնդրեցինք մի փոքր «բացել փակագծերը», թե ինչ պատճառներով են վերադարձվել այդքան մեծ թվով ատենախոսություններ: Նա ասաց, որ շատ էին արտագրությունները եւ որակի հետ կապված խնդիրներ կային: «Կա ծրագիր, որը հայտնաբերում է պլագիատը, հենց արտագրություն է լինում, միանշանակ պարզվում է, եւ երկրորդ՝ որակի հարց կա: Մենք երկրորդ փորձագետին ենք տալիս աշխատանքը՝ Հայաստանում կամ արտերկրում: Նրանց տված կարծիքի հիման վրա մենք իրավունք ունենք ատենախոսությունները վերադարձնել կրկնական քննարկման: Ի դեպ, վերադարձվածներից մեկը դարձյալ դոկտորական ատենախոսություն էր, էլի տնտեսագիտության բնագավառից»:

Իսկ արտագրված աշխատանքների մեջ կարծես կայի՞ն պաշտոնյաների աշխատանքներ: «Պաշտոնյաներ կարծես չկային, բայց պաշտոնյայի երեխայի աշխատանք կար,- ասաց Ատոմ Մխիթարյանը, ապա հավելեց,- պաշտոնյաներն ամենայն հավանականությամբ իրենք չեն գրում, այլ գրել են տալիս, իսկ այն մարդը, ով գրում է պաշտոնյայի համար, արդեն ավելի վաղ իր համար էլ է գրել: Արդյունքում՝ ստացվում է, որ ինքն իրենից արտագրել է, իսկ արտագրությունները կարողանում ենք «բռնել» հատուկ ծրագրով»:
Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց նաեւ ՀՀ ԿԳ նախարարի հունվարի 20-ի հրամանով սահմանված՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները: Դրանք բավականին խստացվել են: Աշխատությունների որակը հսկվելու է նաեւ գիտական հրատարակությունների միջոցով:

Գիտությունների թեկնածուի եւ դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության հիմնական արդյունքները եւ դրույթները մինչեւ ատենախոսության պաշտպանությունը պետք է հրապարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում, միջազգային գիտական համաժողովների (կոնֆերանս) թեզիսների ժողովածուներում կամ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում:

Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկվելու համար պարբերականը պետք է հրատարակվի գիտական կենտրոնի, գիտական կազմակերպության, պետական կամ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի երաշխավորությամբ, ունենա ներկայացուցչական ու մասնագիտական խմբագրական խորհուրդ, հստակ պարբերականություն` տարին առնվազն երկու համար, տպագրվի գոնե 100 տպաքանակով, առաքվի Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական գրադարաններ:

Պարբերականը պետք է ունենա համացանցային կայք, որտեղ լինեն տպագրված բոլոր նյութերի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն ամփոփագրերը, բանալի – բառերը, հեղինակների մասին տեղեկություններ: Այս եւ այլ պայմաններին բավարարելու դեպքում պարբերականը ընդգրկվում է ՀՀ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում: Ցուցակը վերանայվում է տարին մեկ անգամ եւ ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի երաշխավորությամբ հրապարակվում ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում:

Ցուցակում ընդգրկվելու համար բավարար պայման է նաեւ Web of Science կամ Scopus ցիտման համակարգերից որեւէ մեկում տվյալ պարբերականի ընդգրկված լինելը: Հայագիտություն ոլորտի վերաբերյալ պահանջները մեղմ չեն լինելու: Ատոմ Մխիթարյանն ասում է, որ ԲՈՀ-ի խնդիրը միայն այն չէ, որ հայագիտությունը զուտ Հայաստանում լինի:
Թեմայի վերաբերյալ այլ կարծիքներ՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031