Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ավանդաբար անցկացվող հայ կոմպոզիտորական արվեստի «Ռոմանոս Մելիքյան ֆեստ» երեկոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 135 եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյաններին: Այս փառատոնի առաջին համերգը տեղի ունեցավ անցյալ տարի դեկտեմբերին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ հնչեցին Մելիքյանի վոկալ ստեղծագործությունները՝ կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ: Կայանալիք երկրորդ համերգում կկատարվեն հայ կոմպոզիտորական դպրոցի ճանաչված դեմքերից Գագիկ Հովունցի, Միխայիլ Կոկժաեւի, Խաչատուր Մարտիրոսյանի եւ Էդուարդ Հայրապետյանի երկերը:
«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը ողջունեց Երիտասարդականի կողմից անցկացվող այս միջոցառումը, նշելով, որ արդեն 5-րդ տարին է, ինչ նվագախումբը իր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հատուկ փառատոնային համերգների միջոցով անդրադառնում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին, որը նպաստում է դրանց հանրայնացմանը: Նշեց նաեւ, որ առաջին անգամ կկատարվի ալտի եւ կամերային նվագախմբի համար գրված իր կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Յանա Դարյան): Սեփական ստեղծագործությունների կատարումը կոմպոզիտորի համար երբեք խնդիր չի եղել: Մեր զրուցակիցն ասաց, որ իր գործիքային, կամերային, վոկալ-սիմֆոնիկ, խմբերգային, մանկական երկերը հաճախ են հնչում Հանրային ռադիոյով: Նշեց դիրիժորներ Կարեն Դուրգարյանի, Ռուբեն Ասատրյանի, Ռոբերտ Մլքեյանի, Հարություն Թոփիկյանի եւ մյուսների անունները: «Եվ խորհրդային տարիներին, եւ նոր ժամանակներում նաեւ ինքս եմ առաջարկում կոլեկտիվների ղեկավարներին խնդրանքով՝ հնչեցնելու իմ այս կամ այն երկը: Սա էլ իմ որդեգրած աշխատաոճն է: Ասեմ, որ դեռեւս մերժում չեմ ստացել: Գուցե առաջին հայացքից տարօրինակ է, սակայն կարծում եմ, որ նախ կատարողին պետք է հուզի ստեղծագործությունդ, որպեսզի նա կարողանա այն փոխանցի հանդիսատեսին»,- հայտնեց Խաչատուր Մարտիրոսյանը: Հավանաբար Սերգեյ Սմբատյանի հետ է՞լ է նման ձեւով «վարվել» դիտարկմանը համակարծիք լինելով՝ կոմպոզիտորն ասաց. «Շուրջ տասը տարի է՝ հետեւում եմ Երիտասարդական նվագախմբի գործունեությանը: Իմ խորին համոզմամբ՝ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ մի սոլիստ է: Ինձ հատկապես գրավել է այս կոլեկտիվի երիտասարդ երաժիշտների աշխատասիրությունն ու նվիրվածությունը, նպատակաուղղվածությունը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ Երիտասարդականի կատարողական արվեստի կատարելագործումը:
Ասվածիս վկայությունն են այն սերտ ստեղծագործական կապերը, որ կոլեկտիվն ունի աշխարհահռչակ վարպետների հետ, այդ թվում՝ Վալերի Գերգիեւի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Դենիս Մացուեւի, Վադիմ Ռեպինի եւ մյուսների հետ: Ի վերջո, երիտասարդ այս նվագախումբը շուրջ 5 տարի առաջ կարողացավ անդամակցել Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիային, իսկ անցյալ տարի դարձավ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ հարաբերություններ են իր ու Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նոր նախագահ Արամ Սաթյանի միջեւ: Խաչատուր Մարտիրոսյանը ժպտալով հայտնեց, թե դրանք իր դեպքում միայն ստեղծագործական բնույթի են եւ առանց մանրամասնելու՝ հավելեց. «Ինչպես երաժշտական կոլեկտիվների ղեկավարների դեպքում, այնպես էլ կոնկրետ Կոմպոզիտորների միության նախագահի՝ արդեն քանիցս հանդես եմ եկել առաջարկներով»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ