Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ հեքիաթ հեքիաթի մասին

Հունվար 23,2014 13:17

Ձմեռ պապին այս տարեմուտին ինձ էլ նվերներ բերեց՝ լավ ու գեղեցիկ նվերներ, որոնք ինձ շատ հմայեցին: Իսկ ամենահմայիչը մի փոքրիկ գրքույկ էր՝ «Հեքիաթ հեքիաթի մասին»: Եվ առաջին հեքիաթը ձյան մասին էր՝ ավելի ճիշտ ձմռան՝ առանց ձյան ու ձյան հետ, իսկ հեքիաթի վերջում երկնքից բազմաթիվ աստղիկներ էին իջնում ճերմակ ձյան փաթիլների տեսքով:

Երկրորդ հեքիաթը Ցող անունով աղջկա մասին էր, որ կարող է նկարել բոլորին ու ամեն ինչ և ամբողջ գիրքն էլ Ցող անունով աղջկա նկարներով է ծաղկած: Ցողը այնքան շատ է սիրում նկարել ու այնքան շատ է նկարում, որ պատրաստվում է ցուցահանդեսի և այդ ցուցահանդեսի անունը «Հայրենիք» է դրել:

Երրորդ հեքիաթը, որ կոչվում է «Առավոտ», շատ մանկական է, բայց մեծերիս համար, որովհետև միայն մեծերս կհասկանանք՝ ինչու է երկինքը որոնում ուրիշ մի երկինք ու ինքն իրեն է գտնում՝ անշարժության մեջ ավելի ծերացած ու խորշոմած: Միայն մեծերս կհասկանանք՝ ինչու աստղերը չեն ուզում դուրս գալ երկնքի գրպանից, ուր ապրում են հանգիստ ու անհոգս: Միայն մեծերս կհասկանանք, թե ինչու առանց երկնքի հնարավոր չէ ապրել: Եվ միայն մեծերս գիտենք, որ մնացածը «դատարկ հեքիաթներ են, որ ստեղծում են մարդիկ՝ իրենք իրենց տեղը կորցնելն արդարացնելու համար»:

Արևիկ անունով փոքրիկ աղջկա մասին է չորրորդ հեքիաթը: Նա նոր է սկսում քայլել և նրա ամեն քայլը հանդիպում է անծանոթ աշխարհի հետ, որ նա հասկանալու համար ստիպված է անվանել: Անվանել իր լեզվով:

Հինգերորդ հեքիաթը Նարե անունով աղջկա մասին է՝ փոքրիկ, փոքրիկ մի աղջկա, որ չի սիրում քնել, ու երբ մայրիկն օրոր է ասում, նա զայրանում է, որ իրեն թույլ չեն տալիս նայել աշխարհին ու անընդհատ քնեցնում են: Իսկ երբ մայրիկի բախտը բերում է, և «Նարուկը քնում է, բոլորը տեսնում են, որ անգամ փակ աչքերով Նարուկը ժպտում է աշխարհին և բոլորին»:

Վեցերորդ հեքիաթը՝ հոգնած ինքնաթիռի մասին, նորից մեծերիս համար է, որովհետև միայն մենք կհավատանք ինքնաթիռին, որ այլևս չի ուզում թռչել: Հոգնած ինքնաթիռին, որ այլևս չէր ուզում երկինք բարձրանալ, այնքան են անուշադրության մատնում, որ նա նաև թռչելն է մոռանում: Իսկ թռչելուց բացի նա ոչինչ չէր սովորել ու չգիտեր, ու ինքնաթիռը կորցնում է թևերը:

Խնձորի մասին է յոթերորդ հեքիաթը, խնձորի, որ ընկնում է տատիկի համար: Իսկ տատիկը աշխարհի բոլոր տատիկների նման սուրճ է խմում ու մտածում աշխարհի լավ ու վատի, բարու ու չարի, ուրախության ու տխրության, կյանքի ու մահվան մասին: Իհարկե, տատիկը, որ այս բոլոր հեքիաթների հեղինակն է, ամեն ինչ էլ գիտի ու նրան այնքան էլ պետք չեն երկնքից ընկնող խնձորները, որ նա բաժանում է բոլոր երեխաներին, նրան ավելի շատ պետք են երկինքը, թռչող ինքնաթիռը, լուսավորող աստղերը ու ամեն օր բացվող առավոտը:
Յոթ փոքրիկ, հեքիաթի պես պարզ ու հեքիաթի պես բարդ հեքիաթ, որ մանուկներին պետք են ճիշտ մեծանալու, մեծերին՝ մանկանն իրենց մեջ չկորցնելու համար:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ գրքի հեղինակը Մարգարիտ Եսայանն է, որ որոշել էր Ձմեռ պապի դառնալ իր և բոլոր-բոլոր թոռնիկների, պապիկների, տատիկների համար այս տարեմուտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031