Բիշքեկում ստորագրահավաք է սկսվել Ղրղըզստանի` Մաքսային միությանը անդամակցելու դեմ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ստորագրահավաքը մեկնարկել է չորեքշաբթի օրը կայացած բողոքի ակցիայից հետո, որը կազմակերպել էին «Ռեֆորմա» («Բարեփոխում») կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Կազմակերպիչները ակցիայի վայրում յուրօրինակ ցուցադրություն էին նախաձեռնել, հրապարակ էին բերել տարբեր ապրանքներ` հագուստեղեն, համակարգիչներ, տեխնիկա և դրանց պիտակների վրա ակնառու կերպով ներկայացրել, թե ինչ գնաճ է սպասում երկրին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն մտնելուց հետո: Նրանց հաշվարկներով` ներկրվող ապրանքները կթանկանան առնվազն 25-30 տոկոսով․ այդպիսի հարվածը երկրի տնտեսությանը կարող է խաթարել Ղրղըզստանի անկախությունը, հայտարարել են հանրահավաքի կազմակերպիչները:
Կարդացեք նաև
«Ռեֆորմա» կուսակցության ներկայացուցիչ Միրբեկ Ասանգարիևի խոսքով՝ իրենց բողոքը Ռուսաստանի դեմ չէ, Մաքսային միության երկրների հետ Ղրղըզստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա, սակայն տնտեսական առումով երկրի համար շահավետ չէ Մաքսային միության տնտեսական գոտին, կտուժեն սպառողներն ու արտադրողները:
Պաշտոնական Բիշքեկը կարծես թե նույնպես գիտակցում է նոր մաքսային պարտավորությունների անբարենպաստ ազդեցությունը սեփական տնտեսության վրա, այդ պատճառով ցանկանում է հատուկ պայմաններով միանալ Մաքսային միությանը: Առաջին պայմանն այն է, որ Մաքսային միության պետությունները 200 միլիոն դոլարի չափով աջակցեն, որպեսզի երկրի տնտեսությունը հաղթահարի անցումային այդ շրջանը, երկրորդը` Ղրղըզստանում գործող երկու խոշորագույն մեծածախ շուկաները պետք է ունենան նաև Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների հետ ազատ առևտրի հնարավորություն: Մեծածախ առևտրի խոշոր այդ շուկաների` «Դորդոյի» և «ԿարաՍուի» շրջանառությամբ ձևավորվում է Ղրղըզստանի պետական բյուջեի առնվազն մեկ երրորդը, դրանք աշխատանքով են ապահովում տասնյակ հազարավոր մարդկանց, այդ շուկաները գործում են Չինաստանի հետ ազատ առևտրի հաշվին: Եթե Ղրղըզստանը մտնի Մաքսային միություն, ապա երրորդ երկրների հետ բոլորովին այլ մաքսային հարաբերություններ պետք է հաստատվեն, տնտեսության այն ճյուղերը, որ կախված են Չինաստանից անարգել ներմուծումից, խիստ կտուժեն, գները կաճեն, աղքատությունը կտրուկ կավելանա:
Տաթեւիկ Լազարյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում