Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատասխան քայլերի վերաբերյալ որեւէ հստակ բացատրություն մեր հանրությունը անցած օրերին այդպես էլ չստացավ. «Հայոց աշխարհ»

Հունվար 23,2014 12:25

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկու հատվածներում կազմակերպված լայնածավալ դիվերսիոն գործողությունները եւ դրանցից 2 օր անց Ադրբեջանի նախագահի Գյանջայում հնչեցրած հայտարարություններն ակամայից այն տպավորությունն են ստեղծում, որ մեր հակառակորդը վերադառնում է 2013-ի եւ դրան նախորդած տարիների ընթացքում իր կիրառած ավանդական մարտավարությանը։

Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր պատասխան քայլերը։ Դրանց վերաբերյալ որեւէ հստակ բացատրություն մեր հանրությունը անցած օրերին այդպես էլ չստացավ, եթե հաշվի չառնենք պաշտպանության նախարարության խոստումները տեղի ունեցած դիվերսիաներին համիմաստ արձագանքելու՝ անխուսափելիության մասին։

Որպես պաշտպանության նախարարության գործառույթներ նման պատասխանը հասկանալի է ու օրինաչափ զուտ ռազմական տեսանկյունից, սակայն չէ՞ որ Ադրբեջանի դիվերսանտները ուղարկվել էին ոչ թե սոսկ ռազմական, այլ իրականում՝ քաղաքական խնդիր լուծելու համար։ Ուրեմն բուն խնդիրն առաջին հերթին քաղաքական հարթության վրա է գտնվում եւ այդ առումով ընկած է Հայաստանի արտգործնախարարության ուսերին։

Ի վերջո հունվարի 24-ին Փարիզում տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնցից միայն ամերիկացի Ջ.Ուորլիքն է իր ընդհանուր ափսոսանքը հայտնել հունվարի 20-ին տեղի ունեցած միջադեպերի եւ հայ զինծառայողի զոհվելու կապակցությամբ. մյուսները դա էլ չեն արել։

Ուրեմն ինչի՞ շուրջ են բանակցելու Է. Մամեդյարովն ու Է. Նալբանդյանը Փարիզում, երբ նախօրեին Ադրբեջանը դիմել է միաժամանակ ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական դիվերսիաների, միջնորդները չեն տվել տեղի ունեցածի հստակ գնահատականը, իսկ Հայաստանի արտգործնախարարությունն էլ փորձում է դիվերսիաները գնահատել սոսկ որպես բանակցությունները տապալելուն ուղղված սադրանքներ։

Կարծում ենք, ստեղծված իրավիճակում Հայաստանի համար Փարիզը դառնալու է ինքնանպատակ բանակցությունները շարունակելու, իսկ Ադրբեջանի համար՝ ռազմաքաղաքական անպատիժ շանտաժի դիմելու առիթ։ Այսինքն՝ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման կայացումը նշանակելու է «բանակցությունները՝ ինձ, դիվերսիաները՝ քեզ» սկզբունքի հետագա արմատավորում՝ երկկողմ հարաբերությունների պրակտիկայում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031