Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ուկրաինայի ընդդիմությունը 24-ժամյա վերջնագիր է ներկայացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ վարչապետ Նիկոլայ Ազարովին և ողջ կառավարությանը պաշտոնանկ անելու համար:
Չորեքշաբթի երեկոյան ելութ ունենալով Կիևի Անկախության հրապարակում՝ УДАР (ՈւԴԱՌ) կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ամեն ինչ կորոշվի հունվարի 23-ին՝ եթե նախագահը պաշտոնանկ չանի կառավարությանը, ապա ընդդիմադիրները կանցնեն հարձակման:
Կլիչկոն հավելել է, որ ընդդիմությունը նաև պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Յանուկովիչի օրոք բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի “Батькивщина” («Բատկիվշչինա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն էլ հայտարարել է․ – «Մենք ունենք երկու ճանապարհ: Առաջինը՝ կանգնեցնել արյունահեղությունը և փրկել յուրաքանչյուր մարդու կյանքը, ով գտնվում է այս հրապարակում և Ուկրաինայում: Այս ճանապարհի համար մեզ մնացել է 24 ժամ»: Այնուհետև, դիմելով նախագահ Յանուկովիչին, շարունակել է․ – «Վիկտոր Ֆեոդորովիչ, մնաց 24 ժամ, որոշում կայացրեք: Եթե պետք է ճակատին գնդակ ստանանք, ուրեմն՝ կստանանք»:
Անցած գիշերվա ընթացքում Կիևում ընդդիմադիրները շարունակել են բարիկադների կառուցումը:
Սարգիս Հարությունյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում