Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյան. Սերգեյ Նիգոյանը Հայաստան վերադաոնալու մտադրություն չուներ. «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2014 10:54

Դեռեւս դեկտեմբերին Ուկրաինայում՝ Կիեւում, Եվրոպական Կանաչների կուսակցությունը քննարկում էր կազմակերպել, որին մասնակցել էին Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը եւ լրագրող Գայանե Առուստամյանը։ Հենց Մայդանում, որը վերջին օրերին վերածվել է ոստիկանների ու ցուցարարների արյունալի բախումների թատերաբեմի, նրանք հանդիպել էին մի քանի ուկրաինահայերի. նրանցից մեկը երեկ ոստիկանների հետ ընդհարումների հետեւանքով զոհված Սերգեյ Նիգոյանն էր՝ Տավուշի մարզի Նավուր գյուղից։

Լրագրող Գայանե Առուստամյանը, ով անձամբ հանդիպել ու շփվել էր Նիգոյանի հետ, մեր զրույցում հայտնեց, որ վերջինս շատ լուսավոր երիտասարդ էր. «Անկեղծ ասած լուրն իմանալուց հետո շոկի մեջ եմ։ Դեկտեմբերի 14-ին էր, ես Մայդանում էի, «Օկեան էլզին» էր ելույթ ունենում, շատ մարդ կար այդ օրը Մայդանում։ Հետո զգացի, որ մեկը հետեւիցս ձեռքս բռնեց։ Շուռ եկա ու տեսա, որ Սերգեյն էր, ու քանի որ մենք մեր ձեռքում հայկական դրոշ էինք պահում, տեսել էր ու եկել։ Մի աղջկա հետ էր՝ հավանաբար ընկերուհին էր։ Շամշադինի բարբառով էր խոսում, զարմացավ, երբ իմացավ, որ եկել ենք Մայդանի աջակցության համար։ Ծանոթացանք, խոսեցինք»։

Առուստամյանը հայտնեց, որ Նիգոյանը հայտնել է, թե 90-ականների կեսերին պատերազմից հետո ծնողների հետ եկել են Դնեպրոպետրովսկի մարզ։ Պատմեց, որ եկել է Մայդան, որովհետեւ որպես Ուկրաինայի քաղաքացի, չէր կարող անտարբեր մնալ։ Մայդանում մնում էր կամ վրաններում, կամ քաղաքապետարանի շենքում, որը ցուցարարները որոշ ժամանակով գրավել էին։ Այդ օրը շփվեցինք։ Շատ լավ ու լուսավոր երիտասարդ էր, շատ էր ուրախացել, որ Հայաստանից էլ էին ներկայացված հրապարակում։ Ես անգամ իրեն կատակով խորհուրդ տվեցի մորուքը սափրել, բայց ինքը հրաժարվեց՝ ասելով, որ մինչեւ Մայդանը չհաղթի, չի սափրվելու»։

Գայանե Առուստամյանը նշեց, որ Մայդանում իր եղած ժամանակ հայերի թիվը մեծ չէր, բացի Սերգեյից նա նկատել է եւս 3-4 հայ երիտասարդների։ Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Նիգոյանը ագրեսիվ վարք է դրսետրել. «Ոչ, ոչ։ Ինչպես Մայդանի մյուս ցուցարարները, Նիգոյանը եւս շատ վճռական էր, ոչ մի ագրեսիա չեմ նկատել։ Ինքը սիրահարված տղա էր։ Նա շատ հստակ պատկերացնում էր պայքարը, որ կամ պետք է Մայդանը հաղթի, կամ Յանուկովիչը։ Ես իրեն հարցրի նոյեմբերի 30-ի դեպքերի մասին, երբ «Բերկուտը» ցուցարարների վրա էր հարձակվել։ Նա պատասխանեց, որ այդ հարձակումից հետո է եկել Մայդան։ Սերգեյը հարցնում էր նաեւ, թե ինչ վիճակում է Հայաստանը։ Իրեն մի քիչ պատմեցի Հայաստանի մասին, Ազատության հրապարակի մասին, Ուկրաինային  սոլիդարություն հայտնելու մասին: Ինքը շատ ուրախացավ, չնայած՝ Հայաստան վերադաոնալու մտադրություն չուներ: Ցանկանում էր, իհարկե, գալ, տեսնել Հայաստանը, կարոտն առնել ու գնալ, բայց ընդմիշտ մնալու ցանկություն չուներ»:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գայանե Առուստամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031