Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը լրագրողների հետ զրույցում իր հաստատակամությունն էր հայտնել Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքի քանդելու որոշման վերաբերյալ:
Այս օրերին թեման կրկին թեժացել է:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ քանդելու վերաբերյալ ոչ մի նոր որոշում էլ չկա, ուղղակի հին որոշումն է շրջանառվում:
«Քննարկումների փուլը դեռ ուժի մեջ է, մենք էլ կարծիք ենք հայտնել, որ այդ շենքը չի կարելի քանդել: Դա սովետական մոդեռնի լավագույն օրինակներից է: Վիեննայում կայացած ցուցահանդեսում, վերջերս Ստամբուլում կայացած ցուցահանդեսում, որտեղ տարված էր նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի մակետը, Ճարտարապետները կարծիք են հայտնել, որ այդ շենքն իրենից մեծ արժեք է ներկայացնում՝ որպես սովետական մոդելի յուրահատուկ օրինակ է: Այն իր մնալու ռեսուրսները չի սպառել, կարող է օգտագործվել՝ եթե ոչ որպես օդանավակայան, ապա ուրիշ նպատակով: Ուղղակի ընտրվել է վատթարագույն ճանապարհը: Ասում են՝ այլեւս ոչ մի բան չենք կարողանում անել ու անընդհատ դիմում են կառավարությանը, որ թույլ տրվի քանդել: Քանդել, նշանակում է ճարտարապետության պատմության մեջ ունեցած մեր արժեքներից մեկը հանել, ջնջել: Այդ ժամանակաշրջանի նման կարգի շենքեր եղել են Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, իրենք պահպանել են, իսկ մենք մեր արժեքներից մեկը հանում ենք: Ի դեպ, Վրաստանը նման մի շենք թարմացրել, վերակառուցել եւ այժմ օգտագործում է»,-ասաց ճարտարապետների միության նախագահը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մկրտիչ Մինասյանը, ի թիվս այլ մտավորականների, ստորագրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Էդուարդու Էռնեկյանին ուղղված նամակի տակ, որում խոսվում էր «Զվարթնոց» օդանավակայանի ճակատագրի ու նշանակության մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ