Լրագրող Քրիստինա Բերդինսկիխը, որը պարբերաբար գրում էր Կիևի ցուցարարների և կամավորների մասին, այսօր սպանված Սերգեյ Նիգոյանին բնութագրել է որպես բոլորին օգնության հասնող հիանալի անձնավորություն: Փոխանցում է «Կիև փոստ» թերթը:
«Ինձ նրա մասին գրել խորհուրդ էին տվել Արևմտյան Ուկրաինայից, և նրան էին խորհուրդ տվել, քանի որ նա հիանալի մարդ էր», – ասել է Բերդինսկիխը, – «Նա ինձ ասաց, որ չի կարողանում նորություններին հանգիստ հետևել, և դեկտեմբերի 10-ին, երբ ոստիկանությունը հարձակում գործեց, նա որոշեց միանալ «Եվրոմայդան»-ին, եկավ Դնեպրոպետրովսկ և չկարողացավ գտնել «Մայդան»-ը, քանի որ այնտեղ ոչ ոք չկար: Նա գնաց կայարան, հարցրեց, թե ուսանողի համար ինչ արժե Կիև գնացող գնացքի տոմսը: Այն արժեր մոտ 30 գրիվնի, գնեց այն ու գնաց այնտեղ»:
Լրագրողը պատմել է, որ Նիգոյանի ծնողները չգիտեին, որ նա գնացել է ցույցերին մասնակցելու:
«Երբ նրանք կարողացան կապվել նրա հետ, նա ասաց, որ Մայդանում է: Հայրը հարցրեց. «Ո՞ր Մայդանում: Դնեպրոպետրովսկի՞»: Նա պատասխանեց. «Ոչ, Կիևում: Ինձ հետ ամեն ինչ լավ կլինի»»:
Կարդացեք նաև
Բերդինսկիխը պատմել է, որ Նիգոյանը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր փայտ կտրել, պահակներին էր օգնում: Իմանալով Նիգոյանի մահվան մասին՝ նա ցնցվել է.
«Չեմ կարողանում զսպել արցունքներս: Դա իրոք այն Սերգեյ Նիգոյանն է», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Բերդինսկիխը:
21-ամյա Սերգեյ Նիգոյանը, ըստ ականատեսների, սպանվել է գլխի և պարանոցի հրազենային վնասվածքներից, հունվարի 22-ին: «Եվրոմայդան»-ի բժշկական ծառայությունը համակարգող Օլեգ Մուսիյը հայտնել է, որ ռեզինե փամփուշտներից հնարավոր չէ նման մահացու վնասվածքներ լինեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ