ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին: Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) հետ որոշ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Պատասխանատուները նշեցին, որ Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ (ԳՍԿ) են գործում Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում` ընդհանուր առմամբ սպասարկելով շուրջ 15 հազար ֆերմերի: Եւս մեկ ԳՍԿ շուտով կգործի Արարատի մարզի Դարակերտ համայնքում`այգեգործությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար:
ԳՍԿ-ների միջոցով մատուցվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի գյուղատնտեսական ծառայություններ, իրականացվում է խորհրդատվություն: Տեղեկացվեց, որ CARD հիմնադրամը նախատեսում է կառուցել եւս 7 ԳՍԿ՝ երկուսը Գեղարքունիքի մարզում, մեկական`Կոտայքում եւ Արագածոտնում, եւս երկուսը` Արարատյան դաշտավայրում: 2016 թ-ին CARD հիմնադրամը կտնօրինի արդեն 11 ԳՍԿ:
Փոխվարչապետն այցելեց նաեւ Տաշիրի տարածաշրջանում գործող «Դուստր Մելանիա» պանրագործական ընկերություն, ծանոթացավ արտադրության պայմաններին: Նշվեց, որ CARD հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը զգալիորեն բարելավել է պանրի որակը, եւ ներկայումս արտադրանքը նաեւ արտահանվում է, մասնավորապես` Ռուսաստան եւ ԱՄՆ: Բացի այդ, ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցմամբ «Դուստր Մելանիա» ընկերությունում հիմնվել է վարպետ պանրագործների դպրոց, որն աջակցում է փոքրամասշտաբ պանիր արտադրողներին`ուսուցանելով պանրագործության հիմնական տեխնիկան:
Կարդացեք նաև
Փոխվարչապետն այնուհետեւ Վանաձորում այցելեց Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ, շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ փաստաթղթերի պահպանման եւ աշխատանքների կազմակերպման պայմաններին: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղի ոչ բավարար շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս բնականոն գործունեության ապահովման եւ ծառայությունների պատշաճ մակարդակով իրականացման համար: Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագրի շրջանակում մասնաճյուղին նոր տարածք է տրամադրվել Վանաձորում, որը վերանորոգելուց եւ կահավորելուց հետո այնտեղ կտեղափոխվեն պահոցներն ու փաստաթղթերի մշակման, թվայնացման լաբորատորիաները: Տարածքի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:
Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ նոր պայմանների ստեղծումը հնարավորություն կտա բնակչությանն ավելի որակյալ ծառայություններ մատուցել: Նա նաեւ կարեւորեց անհրաժեշտ սարքավորումներով վերազինման եւ փաստաթղթերի թվայնացման աշխատանքների իրականացումը:
Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում` մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 251 միջոցառում, որից կատարվել է 184-ը կամ 72,5 տոկոսը: Մարզում 2013թ. ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 39,7 մլրդ դրամ, որից միայն 33 միլիարդը` արդյունաբերության, ՓՄՁ-ների ոլորտում եւ մասնավոր հատվածում, քաղաքաշինության ոլորտում կատարվել են շուրջ 2 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 3 մլրդ դրամի, սոցիալական ոլորտում` շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրումներ:
Արձանագրվեց, որ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից առաջնահերթ են մնում մի շարք գյուղական համայնքներում երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման, ինչպես նաեւ Վանաձորի Քիմպրոմի աշխատանքների լիարժեք ապահովման հարցը:
Նշվեց, որ ձեռնարկված քայլերի արդյունքում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, գյուղացիական նշանակության հողերի օգտագործման դրական դինամիկա է նկատվում, սակայն դեռեւս առկա են բնակիչների կողմից չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու գործընթացի հետ կապված չլուծված խնդիրներ: Կարեւորվեց նաեւ մարզի որոշ, մասնավորապես` Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում, հակակարկտային կայանների տեղադրման հարցը:
Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզի համայնքներում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Փոխվարչապետը նշելով, որ հունվարի 1-ից «Լոռիջրմուղկոյուղի» ընկերության կառավարումը նոր կոնսորցիում է ստանձնել, մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հորդորեց համագործակցել նոր կառավարիչների հետ:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 98.3 %: 2012 թվականի համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 6.9 %-ով կամ 356.534 հազար դրամով: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 98.9 %-ով, հողի հարկի հավաքագրումը` 89.6 %-ով:
Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ կազմում է շուրջ 58 մլն դրամ, որից միայն Վանաձոր քաղաքի բյուջեի նկատմամբ պարտավորությունը 50, 8 մլն դրամ է: Փոխվարչապետը քաղաքապետներին հորդորեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Նա անթույլատրելի համարեց հատկապես քաղաքային համայնքներում բյուջեների թերակատարումն ու ապառքների կուտակումը եւ առաջարկեց բյուջեների կատարման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել հենց տարեսկզբից:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ Վանաձորի քաղաքային իշխանությունները քաղաքի զարգացման նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն կառավարություն:
Փոխվարչապետը կարեւորեց նաեւ մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկների արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը եւ ֆինանսական կարգապահության ապահովումը:
Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 113 համայնքից 48-ում, որոնցից 39 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն:
Քննարկվեցին նաեւ մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին