«Արևմտահայերենի պաշտպանության ջահակիրներն այսօր մնացել են սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված մեր թերթերը, լրատվամիջոցները, գրքերը, որոնք, բարեբախտաբար, դեռևս տպագրվում են: Մենք ունենք ծով գրականություն, բայց, այնուամենայնիվ, արևմտահայերենը վտանգված է»,- «Ուրբաթ» ակումբում այսօր տեղի ունեցած Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորի և Պոլսի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի գրքերի շնորհանդեսի ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց լրագրող Թաթուլ Հակոբյանը, որին և տրված էր գրքերը ներկայացնելու պատիվը:
Կարևորելով արևմտահայերենի պաշտպանության խնդիրը՝ լրագրողը գտնում է, որ Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ որոշակի քայլեր պիտի կատարեն. «Հայաստանում մենք այսօր ունենք սփյուռքահայերի մի այնպիսի զանգված, որի համար արժեր գոնե մեկ դպրոց ունենալ արևմտահայերենով: Բայց, ցավոք, Հայաստանի իշխանություններն ավելի հակված են բացելու օտարալեզու դպրոցներ, քան ունենալու արևմտահայ թեկուզ մեկ դպրոց»,- ասաց Թ. Հակոբյանը:
Այս կարճ նախաբանից հետո լրագրողը ներկայացրեց «Ազդակ» օրաթերթը, որը լույս է տեսնում Բեյրութում արդեն 87 տարի. «Այն սփյուռքի կարևորագույն օրաթերթերից մեկն է և տարին երկու անգամ ունենում է բացառիկ հատորներ, որոնցից մեկը նվիրվում է Ապրիլի 24-ին, որտեղ ի մի են բերվում տարվա ընթացքում հայոց ցեղասպանությանը, հայ դատին, Արևմտահայաստանին, արևմտահայերենին վերաբերող հոդվածները, իսկ մյուսը նվիրվում է անցնող տարվա իրադարձությունների ամփոփմանը: Այստեղ հիմնականում հավաքվում են գիտական ուսումնասիրություններ: Սրանք հայագիտության համար շատ կարևոր հատորներ են»,- նշեց Թ. Հակոբյանը և այնուհետև անդրադարձավ պոլսահայ խմբագիր, գրող և գրականագետ Ռոբեր Հատտեճյանին, որն արդեն շուրջ կես դար խմբագրում է հայկական «Մարմարա» օրաթերթը. «1980 թվականից սկսած՝ նա օրաթերթի ամեն մի համարի առաջին էջում իր «հուշատետր» շարքն է անում (մեր «խմբագրականի» նման, բայց այդպես չի կոչվում, կոչվում է հուշատետր), և այդ հուշատետրերը տարիների ընթացքում վերածում է հատորների: Սակայն միայն դրանք չեն: Նա շատ լուրջ գրական երկերի հեղինակ է, հատորներ ունի նվիրված հայ գրականությանը, հայոց լեզվին, պոլսահայ կյանքին»,- ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ