Այսօր Եվրադատարանը սկսել է «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությանը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում չորեքշաբթի օրը սկսվել է Հայաստանի դեմ ադրբեջանցի տեղահանվածների հայցի քննությունը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ Լաչինի շրջանի նախկին բնակիչների գանգատը Եվրադատարանում ստացվել է 2005 թվականին: Հայցվորները պնդում են, որ 1992 թվականի մայիսի 17-ին բռնությամբ վտարվել են իրենց տներից, իրենց ամբողջ ունեցվածքը ընկել է հայերի ձեռքը, և քանի որ չեն կարող վերադառնալ Լաչին՝ փոխհատուցում են պահանջում Հայաստանի իշխանություններից: Վեց ադրբեջանցիները պնդում են նաև, թե ազգային խտրականության են ենթարկվել:
Ադրբեջանական նույն գործակալությունը հայտնում է, որ այսօր դատական նիստի ժամանակ ելույթ են ունեցել կողմերի փաստաբանները:
Կարդացեք նաև
Հայկական կողմի փաստաբանները անհամաձայնություն են հայտնել այն կապակցությամբ, որ հայցում որպես պատասխանող կողմ ներկայացված է Հայաստան պետությունը: Նրանք ընդգծել են, որ թեև Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ, այն ունի պետական կառուցվածք, դատական համակարգ, և հետևաբար՝ հայցը պետք է ներկայացվեր Լեռնային Ղարաբաղին:
Ադրբեջանական կողմի փաստաբանները, իրենց հերթին, հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները փաստացի վերահսկվում են Հայաստանի կողմից, Հայաստանը համագործակցում է Լեռնային Ղարաբաղի «անջատողական վարչակարգի» հետ:
Արման Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում