«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր լուրջ խնդիր ունի ընդդիմադիր դաշտում:
«Չնայած նրան, որ ՀՀ-ում դասական առումով ընդդիմություն կա, խորհրդարանում ներգրավված են ընդդիմադիր մի քանի կուսակցություն, որոշ դեպքերում հանդես են գալիս ընդդիմադիր տեսակետներով, ընդդիմադիր ճակատից, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մեր ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ է»,-այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը` մասնավորեցնելով, որ այդ ճգնաժամն առավել ցայտուն դրսեւորվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, համաձայն որի՝ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն:
«Մեր ընդդիմությունը կոնկրետ գործնական որեւիցե քայլ չնախաձեռնեց, ինչպես օրինակ նախաձեռնեց Ուկրաինայի ընդդիմությունը: Միայն ԱԺ-ում քվեարկության օրը որոշակիորեն համախմբում եղավ, որը, սակայն, ժամանակավրեպ էր: Այսինքն` Հայաստանը լուրջ խնդիր ունի ընդդիմադիր դաշտում, քանի որ, թեեւ ունենք առանձին քաղաքական գործիչներ, բայց կուսակցություններ կամ քաղաքական ընդդիմություն, որը կարողանա համախմբել ընդդիմադիր դաշտը, չունենք»:
Այս ամենից զատ` Մենուա Բրուտյանի կարծիքով, հասարակության մեջ եւս ընդդիմադիր կուսակցությունների, եւ առավել եւս կուսակցությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել:
Կարդացեք նաև
«Այսօր հասարակությունը շատ ավելի արձագանքում է քաղաքացիական նախաձեռնություններին, հասարակական կառույցներին, ինչ-որ ակտիվ խմբերի, քան կուսակցություններին, ու զարգացումները, գործընթացը գնալու է հենց այդ ուղղությամբ, այսինքն` կուսակցությունների դերակատարումը քաղաքական դաշտում, հասարակական-քաղաքական կյանքում նվազել է»,-նշում է Մենուա Բրուտյանը` նկատելով, որ կուսակցությունները մեկ օրում չեն սպառել իրենց:
«Կարծում եմ` դա ժամանակի խնդիր է, տարիների ընթացքում սպառել են իրենց»,-եզրափակում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ