Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը` (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին:
ՀՀ-ում կազմակերպված ՏԻՄ և նախագահական ընտրությունների վերաբերյալ Human Rights Watch-ի զեկույցում նշված է. «Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց փետրվար ամսին, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների գերակշռող մասը մայիսին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Թեև երկու ընտրություններն էլ ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, այնուամենայնիվ, երկուսն էլ ստվերվել էին ընտրողների հանդեպ գործադրված ճնշումների, ընտրակաշառքի, գործող թեկնածուների օգտին վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքացիների բողոքների նկատմամբ ոստիկանության արձագանքի բացակայության մասին զեկույցներով»:
Aravot.am-ը ՀՀ-ում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց` բացասական այս գնահատականները արդյոք պայմանավորվա՞ծ են նաև ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցությամբ, թե՞ ներկայացված է իրավիճակի իրական պատկերը: Պարոն Իշխանյանը պատասխանեց. « Human Rights Watch-ը անկախ իրավապաշտպանական կազմակերպություն է, այն չի ֆինանսավորվում պետության կողմից: Եթե անդրադառնայիք, ասենք, ամերիկյան պետդեպարտամենտի զեկույցին, գուցե կարող էինք նման կասկածներ ունենալ, բայց այս կազմակերպությունն անաչառ է, քննադատում է նույնիսկ ԱՄՆ–ում մարդու իրավունքների ոտնահարումները: Ես այս կազմակերպության զեկույցների մեջ երբեք քաղաքականություն չեմ տեսել: Այստեղ ներկայացված է իրական անաչառ պատկերը»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույն հարցի կապակցությամբ ասաց հետևյալը. «Այս կազմակերպությունն անկախ է և Մաքսային միության անդամակցումը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող: Մարդու իրավունքների խախտման հետ կապված տեղեկատվությունը որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ, քաղաքական շահերով: Զեկույցում տրված գնահատականները իրական են, մենք էլ ենք նման գնահատականներ տվել: Ընտրակաշառքներ, ընտրողներին բերման ենթարկելը, ընտրակաշառքների ահազանգերի վերաբերյալ ոստիկանության անգործությունը և այլն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ