Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հունվար 22,2014 17:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ:

Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին` Տարոն Մարգարյանը կարևորել է դրանց ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու հեռանկարները. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Երևանի առաջին քույր քաղաքը իտալական Կարարա քաղաքն է եղել, որի հետ գործընկերային հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 1967 թվականից: 2011 թվականից նաև Վենետիկն է հանդիսանում Երևանի քույր քաղաք: Ու սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ իտալական քաղաքների հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամության, ինչպես նաև շատ հարցերում երկու ազգերի բնավորության գծերի նմանության վրա: Մենք ակնկալում ենք նաև Ձեր և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդման և ընդլայնման հարցում»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ–ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետի համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի կաջակցի Երևանի և իտալական քաղաքների միջև առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում. «Իտալիայում մենք ունենք կայացած համայնքներ, և ես վստահ եմ, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար իսկապես մեծ ներուժ կա: Երևանը շատ հյուրընկալ ու գրավիչ քաղաք է, և ինչպես մեր երկու ժողովուրդները, այնպես էլ քաղաքները, ընդհանուր շատ նմանություններ ունեն: Վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու երկրների քաղաքների համագործակցության շրջանակը, այդ թվում նաև Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հետ»,- նշել է Ջովաննի Ռիչուլին:

Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև գործընկեր քաղաքների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարևորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որն, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի նշելով իտալական «Ռենկո» ընկերության հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ և պայմանավորվել են առավել գործնական հիմքերի վրա դնել երկուստեք գործակցությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031