Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտական աշխատանքն արժեք ունի, եթե այն կարդում են ոչ միայն կողքի լաբորատորիայում, այլև հարևան պետություններում». Սամվել Հարությունյան

Հունվար 22,2014 16:35

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին գոհացնում են կոմիտեի նախորդ տարվա ձեռքբերումները. «2013 թվականին շատ կարևոր օրենսդրական մի նախաձեռնությամբ հանդես եկավ  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Խոսքը «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց: Նախագիծը կնպաստի ինչպես միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը, այնպես էլ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը»,- համոզված է Սամվել Հարությունյանը:

Նա կարևորագույն ձեռքբերում համարեց նաև ՀՀ կառավարությանը ներկայացրած «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը», որով նախատեսվում է իրականացնել գիտության ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ:

Սամվել Հարությունյանը 2013 թվականը համարեց մրցույթների տարի. «Երբևէ ՀՀ-ում այդքան միջոցառումներ չէին իրականացվել: Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 11 մրցույթ: Ֆինանսավորման է երաշխավորվել 159 գիտական թեմա բնական, հասարակական գիտությունների և հայագիտության բնագավառներից»:

Գիտության պետական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ բավականին շատ աշխատանքներ են նախատեսվում նաև 2014 թվականին: «Նախատեսվում են մի շարք միջոցառումներ կապված «Քենդլ» նախագծի հետ, այդ թվում՝ հողհատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունում, միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով այցելություններ ԱՄՆ, Չինաստան, համագործակցության պայմանագրերի և հուշագրերի կնքում, նաև մասնակցություն Եվրոպական գիտական ֆորումին, որտեղ կլինեն զեկուցումներ և քննարկումներ նախագծի վերաբերյալ»,- ասում է կոմիտեի նախագահը:

Սամվել Հարությունյանի խոսքով՝ այս տարի ևս կշարունակվեն գիտական թեմաների մրցույթները. «Կամփոփվեն Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Ֆրանսիա), Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող մրցույթների արդյունքները, ինչպես նաև «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի արդյունքները: Կհայտարարվեն նոր մրցույթներ՝ կապված ասպիրանտների աջակցության, գիտական սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև համատեղ մրցույթ Ուկրաինայի հետ»:

Ինչ վերաբերում է իրավական դաշտի բարեփոխումներին, Ս. Հարությունյանն ասաց, որ նախատեսում են մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ՝ կապված գիտական հիմնարկներն ըստ արդյունավետության դասակարգելու գնահատման չափանիշները սահմանելու հետ: «Սա մեզ հնարավորություն կտա հիմնարկները միմյանցից տարանջատել ըստ իրենց ռեյտինգի, որը էապես կազդի նաև դրանց ֆինանսավորման վրա»,- ասաց Ս. Հարությունյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են գիտնականները դժգոհում, եթե այսքան մրցույթներ, ծրագրեր կան նրանց համար, Ս. Հարությունյանը պատասխանեց. «Երևի, գիտությունը միակ ոլորտն է, որի ֆինանսավորման չափաբաժինները որոշվում են օրենքով, այսինքն՝ պետբյուջեի մեծացմամբ պայմանավորված՝ մեծանում է նաև գիտության բյուջեն: Բոլոր երկրներում էլ գիտնականները համարում են, որ իրենց բյուջեն փոքր է: Ես ինքս էլ եմ կարծում, որ Հայաստանում փոքր է գիտնականների բյուջեն, բայց, ինչ արած, մեր պետության հնարավորություններն այդքան են: Եթե ավելանան, վստահ եմ, որ գիտությունն անմասն չի մնա դրանից և ըստ արժանվույն կֆինանսավորվի:

Ինչ վերաբերում է գիտնականների դժգոհությանը, ես դա նորմալ եմ համարում: Շատերն իրենց կատարած աշխատանքը գերագնահատում են, համեմատելով ուրիշների հետ՝ ասում են, որ ամենալավը իրենք են այդ ոլորտում և այլն: Բնականաբար, դժգոհություններ պետք է լինեին, ի վերջո, մրցույթներում միշտ էլ լինում են հաղթողներ և ոչ հաղթողներ»:

Ս. Հարությունյանը գիտնականների դժգոհությունները կապում է նաև մրցույթների ժամանակակից պահանջների հետ. «Հիմա մրցույթները միջազգային փորձաքննություն են անցնում: Եթե առաջ հետազոտողները տեղայնացված, այսինքն՝ ՀՀ տարածքում հրատարակվող ամսագրերում էին տպագրվում, իսկ նրանց աշխատանքները միմիայն իրենց հարևաններն էին կարդում, հիմա այլ չափանիշներ են. գիտնականը պետք է ունենա միջազգային հրատարակումներ, պիտի ճանաչված լինի նաև դրսում: Գիտական աշխատանքն արժեք ունի, եթե այն կարդում են ոչ միայն կողքի լաբորատորիայում, այլև հարևան պետություններում, և, բնականաբար, այն մարդիկ, որոնք տեղայնացված համակարգով են աշխատում, տուժում են»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031