Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիվերսիայի իրական պատճառները. ԱԳ նախարարների հանդիպում, կոնֆլիկտը սառած չէ

Հունվար 22,2014 16:32

«Անշուշտ կապ կա: Առհասարակ, Ադրբեջանը կարծես թե շահագրգռված չէ արդյունքների հասնել բանակցություններում: Շահագրգռված չէ նաև հայկական կողմը»,-Aravot.am-ի հարցին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դիվերսիոն հարձակումը կարելի՞ է դիտարկել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվելիք հանդիպման համատեքստում, այսպես պատասխանեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Շարունակելով թեման՝ նա նշեց. «Սերժ Սարգսյանը կորցրել է վստահությունն այն բանից հետո, երբ անցյալ տարվա մարտին խոսում էր, որ չենք մտնելու Մաքսային միություն, բայց կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Մի տեսակ հավատ չկա, թե հայկական դիրքորոշումն ինչ ելևէջներ ու փոփոխություններ կունենա: Այս իրավիճակում մենք թերահավատ ենք հանդիպման արդյունքների վերաբերյալ»:

Պարոն Կարապետյանի կարծիքով` այս ֆոնի ներքո իրականացվող բանակցությունները չեն կարող դրական արդյունք ունենալ: Նա նկատում է. «Կարծում եմ հայկական կողմը պիտի շահագրգռված լիներ ու ամեն ինչ աներ, որ նման սադրանքները միջազգային հանրության գնահատականին արժանանային, ինչը մենք չենք տեսնում: Սա արտացոլում է այն հեղինակության անկումը, որ Հայաստանն ունի միջազգային ասպարեզում: Ադրբեջանը նույնպես շահագրգռված է այս իրավիճակի ձգձգմամբ: Սա Ալիևին հնարավորություն է տալիս ամրապնդվել ներսում` շահարկելով ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը, ինչպես նրանք պնդում են իրենց քարոզչական ելույթներում»:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը սահմանային միջադեպը սադրանք է համարում ու շարունակում. «Սադրանքը ոչ միայն կապված էր ադրբեջանական օրացույցի հետ, այլև սերտորեն կապված էր նախարարների առաջիկա հանդիպման հետ: Ադրբեջանը մշտապես նման հանդիպումներից առաջ ու հետո, երբ պատասխանելու բան ունի, փորձում է սադրանքների գնալ: Մի կողմից շիկացնում է իրավիճակը, մյուս կողմից Մինսկի խմբի համանախագահ երկրներին հուշում ու պարտադրում ավելի բարձր առաջնայնություն հաղորդել ղարաբաղյան խնդրին, քանի որ այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում են Ուկրաինայի դեպքերը և այլն: Ադրբեջանը հասկացնում է, որ կոնֆլիկտը սառած չէ ու վտանգավոր զարգացումներ կլինեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031