Լրահոս
Օրվա լրահոսը

Մագիլի քարանձավի կենսաբազմազանությունը կվերանա տուրիզմը զարգացնելու հաշվին (Տեսանյութ)

Հունվար 22,2014 16:10

Հայաստանի Վայոց Ձորի մարզի ամենամեծ՝ Մագիլի քարանձավը վտանգված է. այն մշակույթի նախարարությունը ցանկանում է վարձակալությամբ տրամադրել մասնավոր ընկերության`զբոսաշրջության նպատակով:

Այսօր «Էկոլուր» ակումբում մասնագետները ահազանգեցին, որ եթե քարանձավը շահագործվի զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով, ապա այնտեղ առկա կենսաբազմազանությունը ոչնչացվելու առջեւ կկանգնի:

magili-qarandzavi-chxjikner

Ասուլիսի մասնակից, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանն ասաց, որ մի քանի տարի առաջ էլ ծրագիր է եղել քարանձավը կրկին վարձակալությամբ հանձնել, համառ պայքարից հետո դա կանխվել է, բայց վերջերս, դեկտեմբեր ամսին տեղեկացել է, որ նույն ծրագիրը փորձում են իրականացնել:

Արդյոք հնարավո՞ր չէ զբոսաշրջությունն ու Մագիլի քարանձավի պահպանությունը համատեղել, հնարավո՞ր է այն անվտանգ շահագործել, Aravot.am-ի այս հարցին, պարոն Ղասաբյանն ասաց. «Մենք ունենք այլ քարանձավներ, խնդրեմ Մոզովի քարանձավը, մի հատ թող տուրիզմը զարգացնեն, տեսնենք ոնց են զարգացնում, հետո սկսենք ուրիշ քարանձավներին ձեռք տալ, իսկ Մագիլի քարանձավին ընդհանրապես չի կարելի ձեռք տալ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ձեռնաթեւավորների մասնագետ Էդուարդ Յավրույանն էլ ասաց, որ Մագիլի քարանձավը առանձնահատուկ քարանձավներից մեկն է, որտեղի կենսաբազմազանությունը հետաքրքրում է շատ վաղուց աշխարհի տարբեր երկրներին.«Փորձեր էին անում գալ գիտական հետազոտություն անել: Այնտեղի կենսաբազմազանությունը չտեսնված նուրբ է եւ հեշտությամբ կարող է վնասվել, ոչ միայն կաթնասունների` չղջիկների կենսաբազմազանությունն է վտանգված, այլեւ նախադռան մոտ կան նաեւ թռչունների ու սողունների, միջատների տեսակներ:

chxjikner

5 տեսակի չղջիկներ կան, որոնք Կարմիր գրքում գրանցված են, սրանք անհամեմատ ավելի մեծ օգուտ են բերում շրջակա միջավայրին, քան այլ թռչուններ: 1 գիշերվա ընթացքում ոչնչացնում են բնության ամենավտանգավոր գյուղատնտեսական վնասատուներին: Արդեն մի տեսակի չղջիկ ոչնչացվել է, մարդիկ պլաստմասե տարաները վառում են, մտնում են նայում, ու դրա արդյունքում չղջիկները սատկում են»:

Մանրամասն` տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից, բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանն էլ ասաց, որ նախարարությունը չի տվել դրական եզրակացություն քարանձավի շահագործման ծրագրի համար:

Մանրամասն` տեսանյութում

Էդուարդ Յավրույանի դիտարկմամբ` Հայաստանում շատ կան այլ հետաքրքիր քարանձավներ, որոնք կարելի է շահագործել զբոսաշրջության զարգացման նպատակով, բայց Մագիլի քարանձավը` չի կարելի:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, թե քարանձավը շահագործող ընկերությունը ինչ նորմեր պետք է պահպանի, որպեսզի պահպանվի եւ քարանձավի կենսաբազմազանությունը եւ թույլատրվի այն շահագործել, բնապահպանության նախարարության ներկայացուցչի պատասխանը` տեսանյութում

Ասուլիսի մասնակիցների ներկայացմամբ, քարանձավը գտնվում է Նորավանք եկեղեցական համալիրի մոտ, այստեղ շատ զբոսաշրջիկներ են այցելում, իսկ քարանձավն էլ տուրիստների համար գրավիչ է, առավել եւս, որ մոտակայքում արդեն սննդի օբյեկտ է կառուցվել, ուստի մտահոգություն կա, որ քարանձավն այնուամենայնիվ վարձակալությամբ կտրվի մասնավորին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031