Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնիները բողոքում են, որ կուսակցությունները հաճախ օգտագործում են իրենց

Հունվար 22,2014 16:04

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնությանը միացած հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն այսօր ասաց, որ այն ակցիաներից, որտեղ հնչում են քաղաքական կամ վիրավորական կարգախոսներ, ինքը միանգամից հեռանում է:

«Կենսաթոշակային կուտակային օրենքին դեմ վերջին հանրահավաքից էլ հեռացա այն պահին, երբ սկսեցին քաղաքական, կուսակցական կարգախոսներ հնչել, թեկուզ մեղադրեն, որ մինչեւ վերջ չեմ մնում, բայց միշտ հեռանում եմ, երբ սկսում են քաղաքականացնել»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց հաղորդավարուհին` պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե իրենց հոգեհարազա՞տ են նախաձեռնության մասնակիցների քաղաքական կարգախոսները:

Մեր մյուս հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ կուսակցությունների ներգրավվածությունը պայքարին կուսակցական պայքարի տպավորություն կթողնի, հաղորդավարուհին ասաց. «Ցանկացած հավաք միշտ կուսակցականացվում է: Այն ակտիվ երիտասարդների մեծ մասը, որոնք իբրեւ թե դուրս են գալիս իրենց շահերի պաշտպանության համար, նրանց մեջ կան լիդերի կարգավիճակ ունեցող երիտասարդներ, որոնք, պահն օգտագործելով, հավաքվածներին դեպի իրենց կուսակցություն են տանում: Երբ ինչ-որ բանի կուսակցական պայքարն է սկսում խառնվել, իսկապես այդ պայքարը տապալված է: Պայքարի նախաձեռնողները նպատակ չեն հետապնդել կուսակցական ուղղությամբ տանելու: Մենք էլ դրա մեջ չկանք»:

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն էլ ասաց, որ 150 դրամի պայքարի հաղթանակի օրն էլ ինքը տխրել էր, որովհետեւ. «Տեսա, որ այն, ինչ արվեց ժողովրդի կողմից, հետո կուսակցությունները բարձրացրին դրոշներ, թե ինչ արեցին: Ես չէի ուզենա դրան մասնակցել»:

Լուսինե Բադալյանն էլ հավելեց. «Հաճախ մեզ օգտագործում են: Այս անգամ էլ այդ մտավախությամբ էինք միանում ակցիային, որովհետեւ քաղաքական ուժը միանգամից միանում է պայքարին, իր անունը բարձրացնում է ու ստացվում է, որ ծառայեցիր իր նպատակներին»:

Սուրենի եւ Լուսինեի հետ չհամաձայնեց նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը. «Քաղաքացիները միայնակ չեն կարող այս հարցում հաջողության հասնել, չարաշահել հիմնավորումը, թե կուսակցականացվում է, ճիշտ չէ»: Նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանն էլ հավելեց. «Շեշտում եք կուսակցություն-կուսակցություն: Ժողովուրդ, մենք դուրս ենք եկել մեր իրավունքը պաշտպանելու: Ձեւավորվում է քաղաքացի, որը սկսել է պայքարել իր իրավունքների համար եւ թույլ չի տալու, որ ցանկացած օրենք փաթաթեն իր վզին: Ինչո՞ւ չեք ուրախանում այդ փաստի վրա ու անընդհատ կուսակցություն-կուսակցություն եք ասում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031