Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել` նվիրված 2013թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը:
Նախարարը նախ իր ներածական խոսքում կարեւորեց Մաքսային միության անդամակցության որոշումը, այն, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը շարունակել է խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները` միջազգային նորմերի համաձայն, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը նոր թափով շարունակելու հնարավորություն ստեղծվեց շուրջ երկու տարվա դադարից հետո, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջոցառումները:
Տարին նշանավորվեց Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների խորացմամբ,
Եվրոպական միության հետ համագործակցությունը շարունակել է գերակա լինել:
Կարդացեք նաև
Հիմնարար սկզբունքները մնում են բանակցությունների սեղանին, միջնորդները կոչ են արել հավատարիմ մնալ հիմնարար սկզբունքներին, Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջնորդների կոչերը, չնայած դրան՝ բանակցությունները շարունակվում են, նշեց ԱԳ նախարարը:
Վաղը Նալբանդյանը մեկնում է Փարիզ` համանախագահների հետ հանդիպմանը, հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:
Հայ-իրանական, հայ-վրացական շփումներում բարիդրացիական, սերտ հարաբերությունները շարունակվել են, չնայած երկու երկրներում տեղի ունեցած ընտրություններին, Վրաստանի վարչապետ Իվանիշվիլիի այցելություններից մեկը` Հայաստան կատարած հանդիպումն էր, նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Վերջերս Արմեն Աշոտյանի` Հայաստանի անվանումը փոխելու առիթով, ԱԳ նախարարը նկատեց, որ նա իր անձնական կարծիքն է ներկայացրել, իսկ այդպիսի հարց կառավարությունը չի քննարկել:
Հայաստանի մեկուսացման վերաբերյալ վերջերս հնչող տեսակետներին, էդուարդ Նալբանդյանը հակադարձեց, թե Հայաստան է այցելել 40 երկրի ղեկավար, 120 ԱԳ նախարարներ են այցելել Հայաստան, ՀՀ ԱԳ նախարարը 200 երկիր է այցելել: Նա հավելեց, որ` «դիվանագիտությունը իրականացվում է այցելությունների միջոցով», «պետք չէ աշխարհին նայել ասեղի անցքից»:
Ցեղասպանության հարյուրամյակը հիշատակվել է Թուրքիայի ԱԳ նախարարի` Երեւան կատարած վերջին հանդիպմանը, նշեց Նալբանդյանը` նկատելով, որ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել. «Ես նրան ասացի, երեք տարի առաջ դու ասել ես նույնը, հիմա եկել ես, նո՞ւյնն ես ասում, որպեսզի եւս երեք տարի կորցնենք»: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է շարունակվել, եթե Թուրքիան դադարեցնի նախապայմաններ ներկայացնելը` նկատեց Նալբանդյանը, ըստ էության, ամրագրելով, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել Հայաստանին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ