2013 թվականի նոյեմբերի 10–ին, ժամը 9.15–ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Վլադիկավկազում, ճանապարհային ոստիկանները մեքենա հարբած վարելու պատրվակով բերման են ենթարկել Արամ Խաչատրյանին, որը մի քանի օրով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն իր անձնական գործերով և եղել էր իր սեփական մեքենայի ղեկին։ Նրա նկատմամբ սահմանվել է պատիժ՝ Ռուսաստանի Դաշնության վարչական օրենսգրքի 12–րդ հոդվածի համաձայն. նշանակվել է 30.000 ռուբլի տուգանք , ինչպես նաև՝ նրան 1 տարով զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ–ի նախագահ Խաչատուր Մարոզյանը «Երկու երես» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Ըստ Խ. Մարոզյանի՝ այս որոշումը օրինական չէ, քանի որ հարբած լինելու փաստը հաստատելու համար չի իրականացվել ոչ մի դատական փորձաքննություն։ Արամ Խաչատրյանին ուղարկվել է մի թուղթ, որի մեջ միայն նշված է եղել, որ նա պետք է ներկայանա դատարան։ Տվյալ արձանագրությունը չի պարունակում ոչ մի իրավաբանական հիմք, առկա չէ դատավորի ստորագրությունը, նշված չէ, թե ով է ներկայացրել բողոքը և ինչ հիմնավորմամբ։
Արամ Խաչատրյանը մինչ սույն թվականի փետրվարի 2–ը ստիպված է մուծել այդ գումարը, մինչ այդ ժամանակահատվածը գումարը չմուծելու դեպքում այն կկրկնապատկվի, ինչպես նաև, նրա նկատմամբ կկիրառվի կալանք՝ 15 օր ժամկետով, նաև՝ Արամ Խաչատրյանի համար փակ կլինեն Ռուսաստանի Դաշնության սահմանները։
Այժմ այս որոշումը գտնվում է բողոքարկման փուլում։ Ըստ Խ. Մարոզյանի, այս դեպքը եզակի չէ և առնչվում է ոչ միայն հայերին, այլ տարբեր ազգերին ։
Կարդացեք նաև
Խ. Մարոզյանը նշում է նաև, որ հայերը սկսել են չպայքարել նման դեպքերի դեմ, ըստ նրա՝ մենք քաջ, պայքարող ազգից վերածվել ենք ենթարկվող ազգի։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ