Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաղդասարովը թող իր սեփական գրպանից աշխատավարձերը վճարի»

Հունվար 22,2014 14:03

«Արմավիայի» նախկին աշխատակիցները ավիաընկերության
գույքի վաճառքից գումար ստանալու հույս չունեն

Չնայած «Արմավիան» անցյալ տարի հայտարարեց, որ սնանկացման գործընթաց է սկսելու, գործերը վատ են, այլեւս չի կարողանում աշխատել, թռիչքներ իրականացնել, աշխատակիցների աշխատավարձերը վճարել, բայց այդպես էլ չդիմեց դատարան եւ եզրափակվեց միայն հայտարարություն անելով: Իսկ ավիաընկերության պարտքերը միլիարդների են հասնում, աշխատակիցներն էլ այլեւս հույս չունեն, որ ընկերությունը բարեխղճորեն կվճարի աշխատավարձերի կուտակված պարտքերը, հերթով դիմում են դատարան:

Վերջին շրջանում էլ լուրեր էին տարածվել, որ «Արմավիայի»՝ օտարերկրյա օդանավակայաններին ու աերոնավիգացիոն ընկերություններին մոտ 120 միլիոն դոլար պարտքը մեր պետբյուջեից է փակվելու:

Երեկ «Առավոտը» քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է մեր՝ հարկատուների հաշվին վճարվի «Արմավիայի» պարտքերը, ինչին ի պատասխան՝ պարոն Մովսիսյանը բացառեց նման բան՝ վստահեցնելով, որ տվյալ դեպքում եւ նմանատիպ դեպքերում պետությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում:

«Ընդհանրապես, Հայաստանում, որեւէ մասնավոր սուբյեկտի հետ կապված եւ ոչ միայն՝ «Արմավիայի», պետությունը պատասխանատվություն չի կրում: Այսինքն՝ մարդիկ իրենք իրենց կամքով եւ իրենց ֆինանսական ռիսկերով գնացել պայմանագիր են կնքել, կառավարությանն էլ չեն հարցրել: Այսինքն՝ երբ եկամուտներ ունեին, չէին հարցնում՝ բա եկամուտները տալո՞ւ է պետությանը, թե՞ չէ: Հիմա երբ պարտքեր ունի, ասում է՝ բա պետությունը տալո՞ւ է պարտքերը»,- ասաց Արտյոմ Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է «Արմավիայի» եկամուտներին ու պարոն Մովսիսյանի ակնարկած՝ պետության հետ եկամուտները չկիսելուն, ապա նշենք, որ «Արմավիան» մոտ 17 միլիոն դոլարի պարտք ունի ՊԵԿ-ին. վերջինս դեռ նախորդ տարի է դիմել դատարան՝ պարտքերը ստանալու համար: Ուշագրավն այն է, որ «Արմավիան» բավականին երկար ժամանակ չի կատարել շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարները, եկամտային հարկի եւ պետական տուրքի վճարումները, ու ՊԵԿ-ը, այսպես ասած՝ «աչք է փակել», մինչդեռ եթե մի հատ փոքր, «անտեր» ու հարկերն ուշացրած ձեռնարկություն լիներ, ապա ՊԵԿ-ը հաստատ «կոկորդից» կբռներ:

Իսկ թե ինչն է պատճառը, որ «Արմավիան» սնանկացման գործով դատարան դեռ չի դիմել, քաղավիացիայի ղեկավարն ասաց՝ որքան որ իրեն է հայտնի, պարտատեր ընկերություններն էլ չեն դիմել դատարան. «Կարծում եմ՝ իրենք հույսեր են փայփայում, որ «Արմավիան» այդ ընթացքում կարող է գումարներ ունենա ու կամաց-կամաց փողերը տա: Եթե սնանկացման գործընթաց սկսվի, դա լրիվ այլ մեխանիզմով է գնալու, փողերի վերադարձ պարտադրել՝ կարող է ավելի շատ հետ ընկնի: Իրենք այս պահին մտածում են, որ «Արմավիան» որոշակի ռեսուրսի հաշվին կկարողանա պարտքերը վերադարձնել»: Թե ինչ ռեսուրսների հաշվին՝ պարոն Մովսիսյանը չկարողացավ նշել:

Ավիաընկերոթյունը քիչ պարտքեր չի կուտակել նաեւ աշխատավարձերի գծով: Եթե ամիսներ առաջ ընկերության նախկին աշխատակիցները գրասենյակի ու ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ էին անում, հիմա արդեն հույսները կտրել են, որ իրենց լսող ու խնդիրը լուծող կհայտնվի: Ավիաընկերության օդաչուների մեծ մասը, այդպես էլ մի քանի միլիոն դրամի աշխատավարձերը չստանալով, մեկնել են արտերկիր՝ աշխատելու: Օդաչուները, տեխնիկներն ու բորտուղեկցորդները հերթով դիմում են դատարան:
«Առավոտի» հետ զրույցում օդաչու Տիգրան Ասլանյանն ասաց, որ «Արմավիան» իրեն մոտ 4 միլիոն դրամից ավելի պարտք ունի. այն ստանալու համար օդաչուն նախորդ տարվա հուլիսին է դիմել դատարան, սակայն «Արմավիայի» ներկայացուցիչը ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով ձգձգում է նիստերի գործընթացը: Տիգրան Ասլանյանի պատմելով՝ նոյեմբերին նիստը նշանակված էր, բայց ավիաընկերության ներկայացուցիչը պնդեց, թե մենք սխալ դատարան ենք դիմել. «Ու վստահեցրեց, թե Մալաթիայի դատարան պիտի դիմեինք, իսկ մեր տեխնիկներից դիմել էին հենց Մալաթիայի դատարան, այնտեղ էլ ասել էին, թե Կենտրոնի դատարան պիտի դիմեին: Այսինքն՝ միտումնավոր դատական գործընթացը ձգձգում են»:

Տիգրան Ասլանյանի խոսքերով՝ «Արմավիան» անընդհատ հայտարարում է, թե կամաց-կամաց վճարում են աշխատավարձերը, անձամբ ինձ համար սուտ է այդ տեղեկատվությունը: Ես իմ վերջին՝ 2012 թվականի հուլիսի աշխատավարձը ստացել եմ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին: Դրանից հետո ոչ մի կոպեկ «Արմավիայից» ես չեմ ստացել: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ոչինչ չեն տվել»: Տիգրան Ասլանյանը վստահեցրեց, որ կապի մեջ է իր գործընկեների հետ, եւ մի քանի տասնյակից ավելի մասնագետներ եւս չեն ստացել աշխատավարձերը: Պարոն Ասլանյանի ներկայացմամբ՝ մի քանի բորտուղեկցորդներ դիմել էին դատարան՝ չվճարված օրապահիկի գումարները ստանալու համար, եւ դատը շահել են, բայց ինքը՝ Տիգրան Ասլանյանը, հույս չունի, որ անգամ դատարանով իր գումարը կստանա:

«Կարծեմ «Արմավիան» 2 ինքնաթիռ վաճառեց: Թե էդ գումարները ում վճարեց՝ չգիտեմ, մենք վերջին պլանում ենք: Եթե գույք չունի, Բաղդասարովը թող իր գրպանից վճարի, ասում են՝ 400 միլիոնի կարողություն ունի, թող վճարի»:

Տիգրանի՝ մոտ 80 գործընկերներ հիմա արտերկրում են, իսկ նրանք լավագույն մասնագետներն են եղել Հայաստանում: Ներկայումս, ինչպես Տիգրանն ասաց, մոտ 20 օդաչուներ ու տեխնիկներ «Էյր Արմենիայում» են աշխատում. «Իսկ նրանք, ովքեր արտագաղթել են, չեն էլ ուզում վերադառնալ Հայաստան, որքան էլ այստեղ այլ ընկերություններ բացվեն: Արտերկրի ավիաընկերություններում 2-3 անգամ բարձր աշխատավարձ են ստանում, սոցփաթեթ ունեն, անվճար գնում են հանգստանալու ու բուժվելու, բավականին լավ արտոնություններ ունեն, չեն գա: Ու բոլորի հետ որ խոսում եմ, բոլորն էլ ասում են, որ աշխատավարձը «Արմավիան» չի վճարել»:

Թե որքան է «Արմավիայի» պարտքն ու ինչ ընթացքում է աշխատավարձերի վճարման գործընթացը, ու արդյոք եղած ինքնաթիռները վաճառվե՞լ են՝ ավիաընկերությունից խոստացան առաջիկայում պարզաբանել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031