Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցանքի պահին մեղադրյալը գտնվել է «կումուլատիվ աֆեկտի վիճակում»

Հունվար 22,2014 13:51

Ըստ փաստաբանի, քննիչը եւ դատախազը «դիտավորյալ» նորից փորձում են լարվածություն եւ թշնամություն առաջացնել ամուսինների միջեւ

Տիգրան Համբարձումյանը դանակահարել է կնոջը՝ Տ. Ն.-ին:
Հետագայում կինը ոչ միայն հաշտվել է նրա հետ, այլ երեխաների հետ այցելել է մեկուսարան՝ ամուսնուն տեսնելու համար:

Մեղադրյալ Տիգրան Համբարձումյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի (լուսանկարում) տեղեկացմամբ, անցյալ տարվա հունիսի 29-ին Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Համբարձումյանը ձերբակալվել է:

Հուլիսի 1-ին Տիգրան Համբարձումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, իսկ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանք 2 ամիս ժամկետով:

Փաստաբանի տեղեկացմամբ, հուլիսի 10-ին նշանակվել էր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Օգոստոսի 16-ին ստացվել էր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը եւ համաձայն փորձագետի թիվ 65 եզրակացության՝ հանցավոր արարքը կատարելու պահին Տ. Համբարձումյանը գտնվել է «կումուլատիվ աֆեկտի վիճակում»:
Օգոստոսի 22-ին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Տիգրան Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամկետով, այն է՝ մինչեւ 2013թ. հոկտեմբերի 29-ը:

Նույն դատարանը եւս երկու ամիս ժամկետով՝ այս անգամ մինչեւ դեկտեմբերի 29-ը կալանքի ժամկետը երկարացրել է:

«2013 թվականի նոյեմբերին ստացվել է երկրորդ դատահոգեբանական փորձաքննության N եզրակացությունը, համաձայն որի՝ հանցավոր արարքը կատարելու պահին Տ. Համբարձումյանը գտնվել է կումուլատիվ աֆեկտի վիճակում»,- նշում է փաստաբան Լ. Բալյանը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Տիգրան Մուրադյանը որոշում է «ներկայացրել» դատարան՝ մեղադրյալ Տիգրան Համբարձումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին:

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ որոշում է կայացրել Տիգրան Համբարձումյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարացնել եւս երկու ամիս ժամկետով՝ մինչեւ 2014 թվականի փետրվարի 28-ը, որը բողոքարկվել է իմ կողմից եւ այսօր գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Տիգրան Համբարձումյանն արդեն 6-րդ ամիսն է՝ գտնվում է կալանքի տակ»,- ասում է Լ. Բալյանը:

«16.08.2013թ. դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 65 եզրակացությունը եւ 2-րդ` դատահոգեբանական փորձաքննության թիվ 13-2769 եզրակացությունը չեն հակասում միմյանց, համաձայն որի՝ Տիգրան Համբարձումյանը գտնվել է կումուլատիվ աֆեկտիվ վիճակում: Սակայն 18.12.2013 թվականին առանց հիմնավորումների եւ դատախազի ցուցումով որոշում է կայացվել նշանակել երրորդ` դատահոգեբանական փորձաքննությունը: Երրորդ փորձաքննության վերաբերյալ քննիչն ու դատախազն էլ տեղյակ չեն, թե ինչպես եւ ում կողմից է կատարվելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Լ. Բալյանը:

Փաստաբանն, ի դեպ, դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Գլխավոր դատախազին ուղղված իմ բոլոր բողոքները, որոնք մակագրվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Վ. Վ. Հարությունյանին, ինձ տալիս է կարճ եւ օրենքից դուրս պատասխաններ եւ հայտնի է, որ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ իմ բողոքները չեն ստուգվում Վ. Հարությունյանի եւ իր վերադաս դատախազ` Հ. Սարգսյանի կողմից»:

Այս տարվա հունվարի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում փաստաբանի բողոքի հիման վրա քննվել է Տիգրան Համբարձումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ որոշումը, որին ներկա են եղել քննիչ Տ. Մուրադյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Վ. Վ. Հարությունյանը:

«Քննիչ Տիգրան Մուրադյանը որպես կալանավորման հիմք առաջ քաշեց այն վարկածը, որ ամուսինները երկարատեւ ժամանակ անհաշտ են եղել, եթե Տիգրան Համբարձումյանին բաց թողնեն, ապա նորից կդանակահարի կնոջը: Քննիչի նման տրամաբանությունը զարմանք առաջացրեց նույնիսկ դատավորի մոտ, որ քննիչը կարողանում է գուշակություններ կատարել ապագայի նկատմամբ»,- ասում է փաստաբանը:

Ըստ ճանաչված փաստաբանի, քննիչը եւ դատախազը «դիտավորյալ» նորից փորձում են լարվածություն եւ թշնամություն առաջացնել ամուսինների միջեւ, երկրորդ քննիչը խախտելով օրենքը՝ տուժողին 5 օր առաջ կանչել եւ ծանոթացրել է քրեական գործում առկա փաստաթղթերի հետ, ցույց է տվել մեր կողմից ներկայացված լուսանկարները եւ համոզել է, որ չհաշտվի ամուսնու հետ:

Ի դեպ, դա հաստատվեց հունվարի 20-ին, երբ տուժողը դատարանում հայտարարեց, թե «առարկում է բողոքի դեմ եւ ցանկանում է, որ ամուսինը մնա կալանքի տակ»: Սա այն դեպքում, երբ անցյալ տարվա հոկտեմբերին ամուսինները հաշտվել էին:
Փաստաբանի տեղեկացմամբ, տուժողը՝ Տ. Ն.-ն, 2 երեխաների հետ շաբաթը մեկ անգամ գնում է կալանավայր՝ ամուսնուն տեսակցելու, իսկ Ամանորին երեխաների հետ գնացել է մեկուսարան տեսակցելու:

Հունվարի 14-ին Տ. Ն.-ն դիմումներ էր ուղարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազին եւ Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Տ. Մուրադյանին այն մասին, թե հաշտվել է ամուսնու հետ, բողոք չունի եւ իր գործողություններով ամուսնուն՝ Տիգրան Համբարձումյանին հասցրել է հանցագործության:

«Դատախազության ցուցումով երրորդ փորձաքննությունը կատարվում է պետության հաշվին, եւ Մալաթիա-Սեբաստիայի դատախազությունը իրենց անօրինական որոշումներով եւ ղեկավարվելով անձնական ամբիցիաներով՝ «քամուն են տալիս» պետության գումարները: Էլ չասեմ, որ պետությունը արդեն քանի ամիս է՝ ծախս է կատարում Տիգրան Համբարձումյանին կալանավայրում պահելով: Նախաքննական մարմինը իր գործողություններով շատ լուրջ վնաս է հասցրել Տիգրան Համբարձումյանին, որովհետեւ Տիգրան Համբարձումյանը աշխատել է Մալաթիայի տոնավաճառում, «Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ում եւ անօրինական անազատության մեջ գտնվելով՝ նա օրական կրել է մեծ նյութական վնասներ»,- ասում է փաստաբան Լ.Բալյանը:

Պաշտպան Լ.Բալյանը հունվարի 20-ին դիմել է կրկին գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին եւ բացարկ է հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հ. Սարգսյանին, Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Վ. Հարությունյանին:

Տեղեկացնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, հունվարի 23-ին կստուգվեն մեղադրյալ Տիգրան Համբարձումյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 23-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Վ. Հարությունյանին պաշտպանի կողմից հայտնած բացարկի դիմումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031